Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը պատահական հանգամանք չէ. ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը պատահական հանգամանք չէ: Ամենայն հավանականությամբ նախատեսվում են իրադարձություններ, որոնց, ի պաշտոնէ, նախագահը չի ցանկանում հաղորդակից լինել: Ընդհանրապես Սարգսյանի կերպարը թե նրան այդ պաշտոնին նշանակած նախկինների և թե նրան ատող ներկաների կողմից հետևողականորեն ռիդիկուլյացիայի` ծաղրի ենթարկվեց, որպեսզի Սարգսյանի` արտաքին դաշտում գործունեությունն ու հաճախ չընդդիմացող, բայց այնուամենայնիվ անկախ կարգավիճակը թուլանա:

Հիմա Սարգսյանը հեռանում է: Եվ դա հենց հիմա անելը մեկի կողմից, որ աննկարագրելի համբերատար է, հաշվարկող և զգուշավոր` թերևս կապված է նրա հետ, որ Հայաստանի կործանման նոր փաստաթուղթ է պատրաստվում:
Արմեն Սարգսյանի ռեսուրսը ոչ միայն պետությունը չօգտագործեց, որովհետև զավթված է դավաճանների կողմից, այլև` ժողովուրդը չհասկացավ այս զգուշավոր, ոչ կտրուկ, բայց հսկայական կապերով և ամեն դեպքում որոշակի ազգային սկզբունքներով օժտված մարդու ու նրա ինստիտուտի կարևորությունը` այս իրավիճակում ելքեր գտնելու հարցում:
Երբ նոր նախագահ կնշանակվի (ընտրության խաբկանք բեմադրելով)` կհամեմատենք արդեն նախկինին և ապագային: Եվ այդ ժամանակ կհասկանանք, որ պետական իշխանությունից հեռացավ այն միակ պետական պաշտոնյան, որ թվում է թե արտաքնապես հեզ ու հնազանդ ենթարկվում էր դավաճաններին, բայց որն իրականում կուլիսներում դիմադրություն էր ցույց տալիս և որ միակն էր պետական ապարատում, որ չէր ընդունում դավաճանության գաղափարախոսությունն ու սպառնալիք էր ներկա ռեժիմի համար:
Մենք գնում ենք դեպի անէացում:
Այս իրավիճակում մեր միակ ելքը սեփական ուժերին հավատալով` ռեժիմը հեռացնելն է մնացել: Այլ ելք չկա:
Պարզապես չկա: