Մոսկվայի 16.03.1921թ. ռուս-թուրքական պայմանագրի և նրա չեղարկման վերաբերյալ

 

Քանի որ վերջին շրջանում ամեն մի քաղաքական աշխուժակ իրեն իրավունք է վերապահում դատողություններ անել մասնագիտական հարցերի՝ մասնավորապես միջազգային իրավունքի, վերաբերյալ, ապա ստիպված եմ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16.03.1921թ.) օրինակով բացատրություններ տալ միջպետական գործիքների (international instruments) վերաբերյալ։
1. Հաշվի առնելով, որ ըստ միջազգային իրավունքի ՛«պայմանագիրը գրավոր համաձայնություն է պետությունների միջև և այն պետք կառավարվի միջազգային օրենքով՛», ապա Մոսկվայի 1921թ. պայմանագիրը չի կարող համարվել միջազգային//միջպետական փաստաթուղթ, քանի որ այն չի կնքվել պետությունների միջև, այլ գործարք է երկու խռովարար շարժումների՝ այն է քեմալականների և բոլշևիկների։ (Տես՝ Article 2(а) Vienna Convention on the Law of Treaties, 1969).
2. Հաշվի առնելով, որ Մոսկվայի 1921թ. պայմանագրի կնքումը տեղի է ունեցել միջազգային իրավունքի հիմնարար դրույթների կոպիտ խախտումներով, այն անվավեր է հենց կնքման պահից։ (Տես՝ Article 53, Vienna Convention on the Law of Treaties, 1969).
3. Հաշվի առնելով, որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն տվյալ պայմանագիրը ստորագրած երկրներին, ապա Մոսկվայի 1921թ. պայմանագիրը չի կարող օրինապես վերաբերել Հայաստանի Հանրապետությանը և նրա սահմաններին ու տարածքին։ (Տես՝ Article 34, Vienna Convention on the Law of Treaties, 1969).
4. Հաշվի առնելով, որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն տվյալ պայմանագիրը ստորագրած երկրներին, ապա Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրավական գործընթաց իրականացնել Մոսկվայի 1921թ. պայմանագրի նկատմամբ, այն է չեղյալ հայտարարել այն։ (Տես՝ Article 34, Vienna Convention on the Law of Treaties, 1969). Հայաստանի Հանրապետությունը կարող է քաղաքական դիրքորոշում արտահայտել և պետք է դա անի և նման վերաբերմունք ակնկալի Ռուսաստանի Դաշնությունից։
5. Հաշվի առնելով, որ Մոսկվայի 1921թ. ռուս-թուրքական պայմանգիրը փոխարինվել է Փարիզի Սովետա-թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագրով (17.12.1925թ.), իսկ վերջինս էլ չեղարկվել է 1945թ. մարտի 19-ին, ապա Մոսկվայի պայմանագիրը չեղարկվել է ամենաուշը 1945թ. մարտի 19-ին։ (Տես՝ Article 30, Vienna Convention on the Law of Treaties, 1969).

Ուրիշ ի՞նչ։ Ոչինչ։
Խնդալու
Կամ լալու կարծեմ պատճառ չի՛ք։—
— Ողջո՜ւյն արխադաշ Ալուն։
— Հաղթանա՜կ գործին Իլյիչի:

10 մարտի, 2023թ.

Արա Պապյան