Մենք ձեռքներս ծալած չենք նստելու ռուս-ադրբեջանական ծրագրի դեմ

Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միասնական որոշմամբ 2020թ. Արցախը խլեցին Հայաստանից և կրկին բաժանեցին միմյանց միջև: Արևմուտքը չխոչընդոտեց որոշման կայացմանը, քանի որ նախ Հայաստանը պրոռուսական ամենամեծ «որջերից» մեկն էր, որին խելքի բերելու համար անհրաժեշտ էր շոկային թերապիա և հաջորդը, ծրագրավորվել էր Ռուսաստանի համար լարել թակարդ, երբ Հարավային Կովկասի հաջողությունով արբեցած Կրեմլը հարձակվելու էր Ուկրաինայի վրա, որտեղ էլ ջարդելու էր սեփական ատամները: Ըստ էության, Արևմուտքը շատ ավելի մտածված և մանրակրկտորեն հաշվարկված ծրագրով է առաջ ընթանում:

Արցախյան երկրորդ պատերազմը նախերգանքն էր շատ ավելի հեռու գնացող ծրագրերի, որտեղ բացի վերը հիշատակված երեք պետությունների, միևնույն` եվրասիական ճամբարի մասնակիցներն էին Չինաստանը և Պակիստանը: Հիշատակման արժանի է նաև Իսրայելը, որի նպատակները քիչ այլ էին, քանի որ գլխավոր թիրախն Իրանն էր և հույս կար, որ պատերազմական գործողությունները կներթափանցեն իրեն թշնամի պետության տարածք: Սակայն Ուկրաինան խճճեց ու խառնեց եվրասիականության ծրագիրը:

Այսօր արդեն Պակիստանում և Իսրայելում իշխանություններ են փոխվել, իսկ Չինաստանը գոնե հրապարակային հրաժարվել է Ռուսաստանին աջակցելուց: Փաստացի, խաղի մեջ, ինչպես և 102 տարի առաջ, մնացել է «հրաշալի» եռյակը` Մոսկվան, Անկարան և Բաքուն, նրանց անհրաժեշտ է ցամաքային կապ հաստատել միմյանց միջև, իսկ Հայաստանը, մասնավորապես Սյունիքը խոչընդոտ է, պետք է վերացնել: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Ռուսաստանի դրդմամբ լայնածավալ հարձակում գործեց Սյունիքի ուղղությամբ, սակայն Արևմուտքի, հատկապես Ամերիկայի կտրուկ պահանջով ստիպված եղավ կանգ առնել` ի տարբերություն 2020 թվականի այսօր պատերազմ սկսելու քարտ բլանշ նա չունի:

Այդուամենայնիվ կա մտավախություն, որ Կրեմլը պարտադրելու է Ադրբեջանին հարձակումը վերսկսել և ի վերջո ուժով բացել կապող միջանցքը, իսկ հին ու անփոփոխ «փրկիչ ռուս» ավանդույթը գործարկելով Հայաստանի մնացած մասը միութենական պետության անվան տակ կցի Ռուսաստանին:

Ադրբեջանը մտածելու շատ բան ունի` ենթարկվելով Պուտինի պարտադրանքին անչափ գայթակղիչ հեռանկար է բացվում Ալիևի համար, սակայն, միևնույն ժամանակ նման է արկածախնդրության և կարող է շատ թանկ գին արժենալ, ընդհուպ մինչև կործանում, քանի որ Արևմուտքը չի ներելու նման հանդգնությունը, մենք էլ բնականաբար ձեռքներս ծալած չենք նստելու:

Սակայն դա դեռ վերջը չէ, կա այլ մտավախություն ևս: Եթե Բաքուն չի կատարում Մոսկվայի հրահանգը և չի համարձակվում հարձակվել Հայաստանի վրա, ապա միջանցքը կարող է ձգտի բացել հենց Ռուսաստանը, օգտագործելով սեփական ռազմական միավորումները, որոնք տարբեր քողի տակ վխտում են Հայաստանում: Այս պարագայում էլ պետք է ընկալենք, որ այդ ուժն այնքան էլ սարսափելի չէ և ցանկության ու կազմակերպչական ճիշտ աշխատանքով կկարողանանք վնասազերծել:

Ցավոք, այս ճակատագրական ժամանակահատվածում մեր երկիրը կառավարում են անհայրենիք Ամեոբաները:

Միևնույն ժամանակ Բևեռը հրապարակներում է, ձեռքը պահում է դեպքերի զարգացման զարկերակի վրա ու պատրաստ է յուրաքանչյուր սցենարի դեպքում գործել ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի:

Ամեն պարագայում` մեզ ուժ ու կորով:

 

Արթուր Այվազյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ