Մենք հնարավորություն ունենք ընտրելու վատագույնի և լավագույնի միջև. Վարուժան Ավետիսյան

1) Հայաստանում պետությունը զավթած բոլոր չորս ռեժիմները չեկիստական են եւ մեր անունից Հայաստանի Հանրապետությունը աշխարհին ներկայացնում են «Սովետական Հայաստան» հայեցակարգով, ներկայացնում են որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ինչից էլ բխում է Արցախի ինքնորոշման դավաճանական, հակահայ, հակապետական մոտեցումը։ Ի դեպ` այդ հայեցակարգից բխող արտաքին ռազմավարության առանցքը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքն է, որպիսի անհեթեթ ու հակահայ երեւույթ դժվար է անգամ երեւակայել։

2) Մեր ինքնաստրկացող կամքով կատարված այս «ընտրությունն» է հիմքն ու պատճառը, որ ԱՄՆ-ն եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մեզ հետ հարաբերվում են ըստ այդ հայեցակարգի, այդ թվում` Արցախի հարցի լուծման ուղղությամբ։

3) Սահմանափակված լինելով մեր այս ինքնապետականասպան հայեցակարգով եւ դրա հիման վրա գործող դավաճանական, Արեւմուտքի դաշտում Կրեմլի խաղը խաղացող ռեժիմի հետ աշխատելու անհամար բարդություններով, ԱՄՆ-ն ընտրել է մի դիվանագիտական մարտավարություն, որը հնարավորություն կտա օգտագործել ռուս-թուրքական օրակարգային հարցերը (Արցախի հարց, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, սահմանազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում եւ այլն) եւ մտնել մեր տարածաշրջան` զուգահեռաբար տարածաշրջանը եւ, առաջին հերթին` ռուսական սայլին հիվանդագին սիրով կառչած Հայաստանը, պոկել Ռուսաստանից ու Ռուսաստանին դուրս մղել այստեղից։ Այդ մարտավարությունը ենթադրում է նաեւ մեզ համար առնվազն մասամբ անընդունելի հռետորաբանություն եւ ընթացիկ քայլեր։ Քանի որ մենք մեզ թշնամի ենք եւ թշնամու խաղն ենք խաղում, ԱՄՆ-ն առանց մեր մասնակցության այդ տարբերակով է խլում օրակարգային հարցերը` դուրս մղելով նաեւ Թուրքիային եւ հնարավորինս չեզոքացնելով Ադրբեջանին։ Նույն մարտավարությանն է ծառայում նաեւ Նիկոլի ռեժիմին առերեւույթ աջակցությունը, քանի որ այն էապես չեզոքացնում է Հայաստանում ըստ իր ցանկության ներքին խժդժություն հրահրելու, բաժանի’ր եւ տիրի’ր ձեւաչափով կառավարման արդյունավետ լծակներ ստեղծելու եւ փոփոխություններ կատարելու` Ռուսաստանի հնարավորությունները։

4) Ասվածը բնավ չի նշանակում, որ ԱՄՆ-ի եւ, խոշոր հաշվով, նաեւ ԵՄ-ի այս մարտավարությունը ենթադրում է Արցախը Ադրբեջանին տալու, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սովետական քարտեզներով սահմանազատում կատարելու եւ, ըստ այդմ` հայկական գործոնը, իսկ ոչ հեռավոր ապագայում` նաեւ հայկական պետականությունը վերացնելու ռազմավարություն։
Այդպիսի ռազմավարություն չի կարող լինել, որովհետեւ առնվազն ԱՄՆ-ի համար հայկական գործոնը կարեւոր է ու անհրաժեշտ։ Առհասարակ` եթե ԱՄՆ-ն նման ռազմավարություն ունենար, մենք չէինք լինի։

5) Այսինքն` ԱՄՆ-ն խաղում է, բայց խաղը դեպի այլ տեղ է տանելու։

6) Միեւնույն ժամանակ, ասվածը չի ենթադրում, որ ԱՄՆ-ն անսահմանորեն երկար ժամանակ այդպես կվարվի եւ իր այս մարտավարությունը չի վերածի ռազմավարության, այլ մեր փոխարեն մեզ դուրս կբերի “Սովետական Հայաստան” հայեցակարգից եւ դրանից բխող ինքնապետականասպան ուղուց։ Եթե մենք չհրաժարվենք այս կործանարար ընթացքից, ապա ԱՄՆ-ն կգտնի իր ռազմավարական շահերն իրացնելու այլ տարբերակ/ներ, իսկ մենք “Սովետական Հայաստան” այս համակենտրոնացման ճամբարում ներկայի համեմատությամբ զգալի չափով անվտանգ ու որոշ չափով ավելի բարեկեցիկ մի քանի տասնամյակ մեր անիմաստ գոյությունը քարշ տալուց հետո կհեռանանք պատմության թատերաբեմից։

7) Աչքի առաջ ունենալով նաեւ այս աղետալի հեռանկարը, տարիներ շարունակ խնդրում, հորդորում եւ պահանջում ենք մեր հայրենակիցներից` հրաժարվել «Սովետական Հայաստան», Արցախի ինքնորոշում, Ռուսաստանի դաշնակից եւ բնության ու իրավունքի առումներով գոյություն չունեցող, բայց հայակործան ու պետականասպան հայացքներից ու հայեցակետերից, հրաժարվել առհասարակ խնամակալ ու տեր փնտրելու ստորացուցիչ սովորությունից եւ լինե’լ տերը մեր ճակատագրի։
Միայն Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված հայեցակարգը ու դրանից բխող ռազմավարությունը մեզ կփրկի ու կտանի դեպի ազատ, արժանապատիվ ու անվտանգ ապագա, միայն մեր ինքնիշխան կամքի ու գործելակերպի շնորհիվ մեզ հետ համընկնող շահեր ունեցող ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը կդառնան մեզ դաշնակից եւ կօգնեն հաղթահարելու մեր առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերները։ Միայն այդպես կարող ենք ազատագրել Արցախը, Գարդմանքը, Նախիջեւանը եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, դառնալ հզոր ու զարգացած, հայրենական տուն ու տանիք տալ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։

Ամփոփում

Մենք հնարավորություն ունենք ընտրելու վատագույնի եւ լավագույնի միջեւ։ Այսպիսի ճակատագրի նվեր հազարից մեկ է լինում։ Քանի դեռ ընտրում ենք վատագույնը, ապրելու իրավունք չենք ունենալու։

Վարուժան Ավետիսյան
22/05/2022