Ապրիլի 5-ի առավոտյան ժամը 9-ից Մեղրի համայնքի բնակիչները փակել են Մեղրիի համայնքապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման մասնակիցներին ներս մտնել։
«Մենք չենք ուզում թունավորվել։ Մեր հողերը մեզ պետք են։ Լիճքը զբոսաշրջության կենտրոն է»,- ասում էին ցուցարարները՝ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս պատասխանում էին․ «Եկեք հանրային լսումը կազմակերպենք, լսենք բոլոր տեսակետները»։ «Ո՛չ, չենք ուզում ոչ մի հանրային լսում։ 3500 մեղրեցի ստորագրել է, որ դեմ են»,-ասում էին բողոքավորները՝ պնդելով «որ սա Մեղրիի լինել-չլինելու հարցն է»։ «Քաղաքացիական պայմանագրի» Մեղրիի կառույցի ղեկավար Արարատ Թումանյանը խոսեց համաշխարհային հանքավայրերի մասին, որոնց բնակավայրերը հիմա առեւտրի կենտրոններ են։ «Քանի տարի է ՝ Ագարակի կոմբինատն աշխատում է, Ագարակը դրախտավա՞յր է»,-դիմեց բողոքավորներից մեկը Արարատ Թումանյանին։
«Մենք բնակիչներին տեղեկացրել ենք հանրային լսման մասին եւ պետք է լսենք, թե ԶՊՄԿ-ն ինչ է առաջարկում։ Ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, ո՛չ ԶՊՄԿ–ն, ո՛չ ես, ո՛չ որեւէ անհատ չի որոշելու։ Դեռ 4 հանրային լսում պիտի լինի։ Ձեր որոշմամբ է ի վերջո ամեն ինչ լինելու»,- հայտարարեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ «Մենք հավաքվել ենք ներկայացնելու մեր գործունեության մասին, լսելու ձեզ, բայց ոչ այս հարթակում։ Չկայացավ այս լսումը, բոլոր կարծիքները լսեցինք, ձեր առաջարկները հաշվի կառնենք ու հաջորդ լսմանը կներկայացնենք մեր տեսակետը։ Նաեւ այստեղ տրվեցին շատ այլ կազմակերպությունների անուններ, բայց այս անգամ հանքը շահագործելու հայտ է ներկայացրել ԶՊՄԿ-ն։ Այլ կազմակերպություններ չկան»,-ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Վերջինիս հայտարարությունից հետո ցուցարարները ցրվեցին՝ չխափանելով համայնքապետարանի գործունեությունը։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ