Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր, հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։
Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։ Երվանդունիների համահայկական թագավորությունն անկում է ապրում մ․թ․ա․ մոտ 200 թվականին՝ սելևկյան զորքերի կողմից Հայքի նվաճումից և Երվանդ Վերջինի գահազրկումից հետո։
Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն հռչակվում է հայոց արքա՝ վերականգնելով անկախ պետականությունը։ Վերջինս միավորում է Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները, ստեղծում կայուն և մարտունակ բանակ, իր հաջորդներին թողնում տնտեսապես զարգացած պետություն։
- Բարձր Հայք (9 գաւառ)
- Ծոփք կամ Չորրորդ Հայք (8 գաւառ)
- Աղձնիք (11 գաւառ)
- Տուրուբերան (17 գաւառ)
- Կորճայք (11 գաւառ)
- Մոկք (8 գաւառ)
- Պարսկահայք (9 գաւառ)
- Վասպուրական 35 գաւառ)
- Սիւնիք (12 գաւառ)
- Արցախ 12 գաւառ)
- Փայտակարան (10 գաւառ)
- Ուտիք (8 գաւառ)
- Գուգարք (9 գաւառ)
- Տայք (8 գաւառ)
- Այրարատ (22 գաւառ)