Նիկոլի երեկվա ասուլիսը հրահանգված էր Մոսկվայից և նպատակը ժողովրդին պատերազմով վախեցնելն էր
Առաջին հայացքից, Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ որևէ նոր բան չլսեցինք ու չտեսանք։
Սակայն, նկատի ունենալով ասուլիսի ժամանակային պահը միջազգային ու տարածաշրջանային զարգացումների համատեքստում, խորը մտահոգությամբ ստիպված ենք եզրակացնել, որ երեկվա ասուլիսը հրահանգված էր Մոսկվայից և դրա հիմնական նպատակն էր առաջիկա պատերազմի հավանականությամբ վախեցնել ժողովրդին՝ ամեն գնով խաղաղության իր պատկերացումներին համապատասխան առաջիկայում նախատեսվող աղետալի զիջումներն արդարացնելու և զուգահեռաբար՝ հող նախապատրաստել իր մեղքը քողարկելու համար։
Մինչդեռ տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև մեր թշնամիների բնույթն ու ախորժակը հուշում են, որ Փաշինյանի պատկերացրած ու քարոզած խաղաղությունը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության (Արցախը՝ ներառյալ) գնով։
Ավելի պարզ ասած՝ Փաշինյանը հայ ժողովրդին առաջարկում է ինքնասպան լինել սպանության վտանգից խուսափելու համար։ Եվ արդեն հասկացնում է, որ անկախ ամեն ինչից և հակառակ իրատեսության ու տրամաբանության, իր գործունեությամբ թևակոխում է Հայաստանի Հանրապետությունը (Արցախը՝ ներառյալ) հանձնելու քայլերի անդառնալի փուլ։
Ասվածից ակնհայտ է դառնում, որ չնայած մեր կյանքի բթացած վիճակին ու առերևույթ հանգստությանը, մենք կանգնած ենք վերահաս աղետին դեմ հանդիման։ Ուստի ունենք մեկ անելիք՝ օր առաջ համախմբվել, ազատվել Փաշինյանից և նրա հետ միասին հանրային տիրույթը զավթած նախկիններից, ստեղծել ազգային կառավարություն և դրա գլխավորությամբ շուռ տալ պատմության անիվը։
Միջազգային իրավիճակը խիստ նպաստավոր է մեզ համար։
Մեծ, դարակազմիկ փոփոխությունների ժամանակ է և հայությունը պետք է մեծ մտածի ու մեծ գործի։
Լուծումը մեր մեջ է և մենք իրավունք չունենք բաց թողնելու առկա ճակատագրական հնարավորությունը։
Վարուժան Ավետիսյան
28 հունիսի, 2022 թ.
Նուբարաշեն ՔԿՀ