Արցախը Հայաստան է և վերջ։ Այս ճշմարտությունը վիճարկողները պետք է իմանան երկու բան։
Առաջինը հարցի էթնոբարոյական կողմն է։ Այն մարդն, ով նշածս ճշմարտությունը մի կողմ է դնում եւ այլ կերպ է մտածում, նա սեփական ինքնությունն ուսումնասիրելու ու պարզելու խնդիր ունի։ Տվյալ դեպքում նա չպետք է բազմակարծությունն ու խոսքի ազատությունը որպես մարդու հիմնարար իրավունք ներկայացնի ու մարդկանց «ուղեղները բռնաբարի»։ Դա նույնն է, որ ինչ-որ մեկն ասի, որ կորյունը ոչ թե առյուծի ձագն է, այլ՝ գայլի։ Ի դեպ, աշխարհում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու օրինագծերի հիմքում ընկած է հենց այն տրամաբանությունը, որ աշխարհում կան այնպիսի ճշմարտություններ, որոնց ժխտումը հանցանք է մարդկության դեմ։ Նույն կերպ կան ճշմարտություններ, որոնք մեր ազգային կյանքի հիմքն են կազմում ու խոսքի ազատության սկզբունքի վկայակոչմամբ չեն կարող խաթարվել։ Այլապես, եթե որեւէ հայ նշում է, որ Արցախը Հայաստան չէ, ապա նույն տրամաբանությամբ բոլոր մյուսներն իրավունք ունեն համոզված պնդել, որ այդ մարդը հայ չէ և հարաբերվել նրա հետ որպես այլազգու (թուրքի, չինացու թե ռուսի, դա այլ հարց է)։ Ավելի կոնկրետացնեմ։ Եթե խոսքի ազատությունը ինչ-որ մեկին թույլ է տալիս պնդել, որ Արցախը Հայաստան չէ, ապա նույն պահին այդ սկզբունքը թույլ է տալիս մյուսներին պնդել, որ դա ասողը ոչ թե հայ է, այլ՝ թուրք։
Երկրորդը հարցի քաղաքացիաիրավական կողմն է։ Այն մարդն, ով նշածս ճշմարտությունը մի կողմ է դնում և այլ կերպ է մտածում, նա ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետությունում գործող ողջ իրավական համակարգի դեմ։ Որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, դա ամրագրված է ՀՀ Անկախության հռչակագրով։ Քաղաքական շուլերները որքան էլ փորձեն խուսանավել ու ասել, թե Արցախը Հայաստանի մաս չեն ճանաչել ՀՀ նախկին ղեկավարները, միեւնույնն է գալու է պատասխանատվության պահը, երբ իրենց առաջ դրվելու է մի հարց՝ ինչու չեն պատժվել բոլոր նախկինները, ովքեր իսկապես ամեն ինչ արել են ՀՀ Անկախության հռչակագրի նորմերը չկատարելու, Արցախը Ադրբեջանի կազմում ներգրավելու ու մեր պետականության ընթացքը արտաքին աշխարհից կախման մեջ դնելու համար։ Պետականակործան պատուհասների արդարացումն այդ դեպքում չի աշխատելու՝ թե իրենք մեղավոր չեն, նախկիններն են մեղավոր։ Հիմա այդ թեզն առաջ տանող ստահակները մի խնդիր ունեն՝ սեփական անձերն ազատել պատասխանատվությունից։ Սակայն գալու է այն օրը, երբ ոչ թե դրվելու է միայն այն հարցը, թե ովքեր են եղել Արցախը Ադրբեջանի կազմում թողնող սրիկաները, այլ դրա հետ մեկտեղ նաեւ երկրորդ հարցը։ Այն է՝ թե ովքեր են եղել այն ստահակները, ովքեր ունենալով բոլոր պետական լծակները՝ պատժելու նման չարիք գործածներին, ոչ միայն չեն պատժել, այլ գավառական շուստրիությամբ փորձել են սեփական քաղաքական կարիերան ապահովել՝ ձեռքերը լվանալով Արցախից։
Ապագայում դատարանում մեր երկրի գլխավոր ստահակին, բացի պատերազմում պարտության, հանրային կյանքում բաժանարար գծեր ստեղծելու, դատական իշխանությունն ուզուրպացնելու ու նման կարգի մյուս մեղադրանքներից, Արցախի հետ կապված առանձնահատուկ պետք է ուղղել մի հարց՝ իր կառավարման օրոք ինչու չեն պատժվել Հայաստանի նախորդ երեք ղեկավարները ՀՀ Անկախության հռչակագրի դրույթները չկատարելու, դրանցից շեղվելու, Արցախը Հայաստանի Հանրապետության մեջ չընդգրկելու համար։
քաղաքագետ
Սարո Սարոյան