Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտպանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերը երկիր մտցնելու առաջարկը: Այս մասին գրում է Ղազախստանի «Sputnik» լրատվականը։ Առաջին ղազախ-տիեզերագնաց Տոկտար Աուբակիրովը պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ուժայինները չեն կարողանում հաղթահարել անկարգությունները, ուստի Ղազախստանի տարածք պետք է մտցնել ՀԱՊԿ զորքերը:
«ՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում», – ասել է Տոկաևը:
Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ակցիաներ են ընթանում։ Մարդիկ դուրս են եկել քաղաքների փողոցներ հեղուկ գազի գների բարձրացման պատճառով։ Քաղաքացիները պահանջում են նախագահի, կառավարության հրաժարականը և դեմ են կոռուպցիային։ Բողոքի ակցիաների ժամանակ իրավապահներն ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ։ Բողոքի ակցիաների կապակցությամբ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը։ Վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարումը նա որոշել է փոխանցել Ալիխան Սմայլովին։ Երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, Ալմաթա քաղաքում, Ալմաթայի եւ Մանգիստաուի մարզերում հունվարի 5-19-ը արտակարգ դրություն է հայտարարվել: