Հրամայական է դառնում կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունը. Բևեռի հայտարարությունը

ՀԱՅԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի սփյուռքների համագործակցության անհրաժեշտության մասին

Քաղաքակիրթ աշխարհը պաշտոնապես արձանագրել է, որ Կրեմլը նպատակ ունի նոր ձևաչափով վերականգնելու Խորհրդային Միությունը։

Այս երևույթը տարբեր դրսևորումներով զավթման ու գաղութացման սպառնալիք է ստեղծում նախկին ԽՍՀՄ կազմում եղած, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ազգերի համար։

Ասվածի մասին են վկայում, մասնավորապես, ԽՍՀՄ լուծարումից հետո Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում մնացած ռուսական զորքերն առ այսօր այնտեղ պահելը և այդ շրջանի փաստացի ռազմակալումը, 2008 թ. առ այսօր Վրաստանի և 2014 թ. առ այսօր Ուկրաինայի տարածքների զավթումն ու դրանց դե յուրե կամ դե ֆակտո բռնակցումը, Բելառուսին և Հայաստանին այսպես կոչված Միութենական պետության մեջ մտցնելու անթաքույց քաղաքականությունը, ՀԱՊԿ-ի ձևաչափի չարաշահմամբ օրեր առաջ Ղազախստանում պատժիչ ինտերվենցիայի կազմակերպումը, ներկայումս ՈՒկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստումը, ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը բացառելու և ՆԱՏՕ-ի զորքերը 1997 թ. բնագծեր վերադարձնելու անհիմն ու ապօրինի պահանջները, առհասարակ` հետխորհրդային տարածքը աշխարհի կողմից որպես Ռուսաստանի ազդեցության գոտի ճանաչելու ագրեսիվ ու ցինիկ նկրտումը։

Ստեղծված իրավիճակում հրամայական է դառնում Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունն այդ սպառնալիքին դիմակայելու գործում։

Վերը նշվածի հաշվառմամբ Ազգային-ժողովրդավարական Բեւեռի խորհուրդը Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի` ժողովրդավարական երկրներում գտնվող սփյուռքներին կոչ է անում համախմբվել այդ սպառնալիքին դիմակայելու նպատակով և ստեղծել դրա համար անհրաժեշտ համագործակցության հարթակներ։

Ժողովրդավարական երկրներում բնակվող Բեւեռի աջակիցներին և Հայաստանի ապագայով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին հորդորում ենք ակտիվ նախաձեռնողականությամբ կյանքի կոչել այս մտահղացումը։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ
21 հունվարի 2022 թ., Երևան