ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՈՏՆԱՀԱՐՎԻ

1. Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ գործող սահմանդրության հիմքը ՀՀ անկախության մասին հռչակագիրն է։ (Տե՛ս՝ ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածը․ “Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, ․․․ ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:”)
2. Իր հերթին, ՀՀ անկախության հռչակագրի անքակտելի մաս է հանդիսանում «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ (Տե՛ս՝ Անկախության հռչակագրի նախաբանը․ “կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա”?
3. Ըստ այդմ, անկախ աշխարհն ընդունում է դա, թե ոչ, ՀՀ օրինապահ քաղաքացիներիս համար, ՀՀ սահմանադրական նորմով, Արցախը ՀՀ մաս է։ (Ի դեպ, այդ հիմքով է ՀՀ քաղաքացին ծառայել Արցախի տարածքում։) Այսինքն, Հայաստանի Հանրապետության սահմանները հաստատ Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև եղած վարչական բաժանարար գծերը չեն։ Եթե քաղաքացի Նիկոլ Փաշինյանը գնում է Սովետական Հայաստանի վարչական, այսպես ասած սահմանների, ճանաչմանը որպես միջազգային սահմանների (որն, ի դեպ, հետևանք է ռուս-թուրքական անօրինական գործարքների) ապա դա նշանակում է Հայաստանի Հանրապետության սահմանների ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ։
4. Ըստ գործող սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին մասին “Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով”։
Ամփոփում․ Եթե քաղաքացի Նիկոլ Փաշինյանն առանց հանրաքվեի գնա ՀՀ սահմանների ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ապա դա միանշանակորեն կլինի սահմանադրության ոտնահարում և քրեորեն պարժելի արարք։
Ուստի, եթե ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը փորձ անի խոսքից գործի անցնելու՝ այն է իրականացնել հակասահմանադրական և հակաօրինակա գործողություններ, այն է իրականացնել հակասահմանադրական հեղաշրջում, ապա ՀՀ իրավապահ համակարգը ՊԱՐՏԱՎՈՐ է կանխել հեղաշրջման փորձը և ձերբակալել քաղաքացի Փաշինյանին։
21 ապրիլի, 2023թ․
Արա Պապյան