Հիմնական պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է
Պատերազմից երկու տարի անց Արցախի ՊԲ նախկին հրամանատարների նկատմամբ քրեական հետապնդումն ունի երկու հիմնական փոխկապված նպատակ.
1) Աղավաղել, հեղինակազրկել ու լուսանցք մղել զենքի մարդուն, զենքով դիմադրողին՝ հող նախապատրաստելով առաջին հերթին Արցախի ՊԲ լուծարման և զինաթափման համար։ Մասնավորապես, զինաթափումն արդեն սկսել են Սյունիքի մարզի՝ Արցախին հարակից գյուղերում։
2) Ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքի և նրանց հանցակից նախկին ու ներկա վարչակազմերի դավադրության արդյունք պարտությունը վերագրել զինվորականներին ու բանակին՝ ձգտելով մաքրել քաղաքական ղեկավարության անլուր դավաճանության ոճիրը և նրան փրկել ապագա անխուսափելի դատաստանից։
Ստիպված ենք հիասթափեցնել մեր ժողովրդին կործանման տանելու ծրագրով առաջնորդվող այս գավառամիտ տգետներին և ասել, որ իրենք չարաչար սխալվում են։
Հերթական անգամ արձանագրում ենք, որ պատերազմը վարում են նախ քաղաքական (այդ թվում՝ դիվանագիտական, տնտեսական, մոբիլիզացիոն և այլ) գործողությունների, ապա նոր միայն դրանց համատեքստում՝ ռազմական և մարտական գործողությունների միջոցով։
Ըստ այդմ՝ պարտության հիմնական պատասխանատուն ու մեղավորը քաղաքական ղեկավար և գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանն է, իսկ զինվորական հրամանատարների, այդ թվում՝ փաստացի նույնիսկ ոչ ռազմավարական, այլ ընդամենը օպերատիվ մակարդակի հրամանատարներ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի մեղավորության հարցը կարող է դիտարկվել բացառապես Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մեղավորությունը դիտարկելու ածանցյալ համատեքստում։
Մինչ այդ՝ օրհասական է դառնում բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով Արցախի ՊԲ լուծարմանն ու զինաթափմանը դիմադրելու (https://youtu.be/BtN7UXWgurA) նպատակով ինքնակազմակերպվելն ու պատրաստվելը, որպեսզի կարողանանք ձախողել արտաքին ու ներքին թշնամիների դավադիր նպատակները։
Մխիթար Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան
05.09.2022թ., Նուբարաշեն ՔԿՀ