Հայ ժողովրդի մեծագույն բարեկամն ու արդարության մարտիկը (Վիլսոնի ծննդյան 165-ամյակի առիթով)
Տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, լրանում է ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920թ.), հայ ժողովրդի մեծագույն բարեկամ, արդարության աննկուն մարտիկ, Վուդրո Թոմաս Վիլսոնի (Woodrow Thomas Wilson) ծննդյան 165-ամյակը:
Պայքարով ու մաքառումներով լեցուն պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ բարեկամներ: Բայց չկա մեկը, որ իր զբաղեցրած դիրքով, հայ ժողովրդին մատուցած մարդասիրական վաստակով, Հայաստանի Հանրապետության կյանքում ունեցած իրավական ու քաղաքական ներդրումով անգամ մոտ լինի Վուդրո Վիլսոնին: Այս առումով Վուդրո Թոմաս Վիլսոնը բացառիկ է և անզուգական:
Վուդրո Վիլսոնի հայ ժողովրդի հանդեպ ունեցած վաստակը կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը նրա դերակատարությունն է որպես Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարարի:
Նախ մի քանի խոսք իրավարար վճռի մասին: 1920թ. ապրիլի 26-ին Փարիզի խաղաղության վեհաժողվի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Paris Peace Conference), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ներկայացուցիչներից, դիմեց ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով. ա) ստանձնել Հայաստանի մանդատը, բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը: Առաջին հարցը ԱՄՆ Սենատը մերժեց նույն տարվա հունիսի 1-ին, իսկ երկրորդ հարցի վերաբերյալ պատասխանը դրական էր: Արդեն մայիսի 17-ին Վուդրո Վիլսոնը պաշտոնապես համաձայնություն տվեց ստանձնել իրավարարի դերը: Հունիսին պրոֆեսոր Վիլյամ Վեստերմանի գլխավորությամբ, պետքարտուղարության, պաշտպանության նախարարության և նախագահի վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն էլ պատրաստեց իրավարար վճիռը (Arbitral award): Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Այն կնքվեց Միացյալ Նահանգների Մեծ կնիքով (The Great Seal of the United States) և դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ:
Ըստ իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 100 հազար քառ.կմ: Անհրաժեշտ է ընդգծել, որ իրավարար վճիռները վերջնական են և պարտադիր են կատարման համար: Նրանք չունեն ժամանակային սահմանափակումներ, և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Ըսդ այսմ, Վիլսոնի Իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ առ այսօր ուժի մեջ է և պարտադիր է կատարման համար:
Անուրանալիորեն մեծ և բացառիկ է Վուդրո Վիլսոնի դերը նաև ամերիկյան պետության և ժողովրդի կողմից հայ ժողովրդին ցուցաբերած հսկայածավալ մարդասիրական օգնության գործում: Դեռևս 1915թ. սեպտեմբերին, ԱՄՆ նախագահ Վիլսոնի անմիջական մասնակցությամբ ստեղծվեց մի բարգործական կազմակերպություն, որի նպատակը հայերին և ասորիներին օգնելն էր: 1919 թ. օգոստոսին այդ կազմակերպությունը դարձավ Ամերիկյան Կարմիր Խաչից հետո երկրորդ կազմակերպությունը, որի գործունեությունը ճանաչվեց և կանոնակարգվեց Կոնգրեսի կողմից (charted organization): Հենց այդ ժամանակ էլ կազմակերպությունը վերանվանվեց Near East Relief։ 1915-ից 1930 թ. Near East Relief-ը փրկել է ավելի քան մեկ միլիոն փախստականների, այդ թվում 132,000 որբի կյանքը, որոնք խնամվել և կրթություն են ստացել ավելի քան հարյուր որբանոցներում: Կազմակերպությանը հաջողվեց զորաշարժի ենթարկել ամերիկյան ողջ ժողովրդին, որի շնորհիվ հանգանակվել է ավելի քան 116 միլիոն դոլար՝ ուղղակի օգնություն: Այդ տարիներին ԱՄՆ-ի գրեթե 1000 քաղաքացի կամավոր մեկնել է Միջին արևելք՝ տեղում օգնելու հայ, ասորի և հույն կարիքավորներին: Նրանցից 30 իրենց կյանք են զոհել այդ մարդաշահ նվիրումի ընթացքում: Այս ամենը եղել է մեծապես Վուդրո Վիլսոնի շնորհիվ: Մեծապես կասկածելի է, եթե չլինեին Վիլսոնի ջանքերը, ապա ինչպի արդյունքի կհասնեիրն ամերիկյան մարդասիրական ու որբախնամ կազմակերպությունները Միջին արևելքում: Նախագահ Վիլսոնը անձնապես մի քանի անգամ ուղղակի դիմել է ամերիկյան ժողովրդին, գործարարներին և կազմակերպություններին՝ խնդրելով աջակցություն հայերին համար:
Հայ ժողովուրդն ավելի շատ թշնամի է ունեցել, քան բարեկամ: Եվ այդ սակավների մեջ բացառիկ է ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի վաստակը՝ և՛ որպես քաղաքական գործիչ ու իրավագետ, և՛ որպես մեծ մարդասեր ու որբախնամ: Հայ ժողվուրդն իր սրում վառ է պահում Վուդրո Վիլսոնի հիշատակը, սակայն դեռևս շատ անելիք ունի որպեսզի նրա վաստակը հայ ժողովրդի հանդեպ գնահատվի ըստ արժանվույն:
Երախտիքը և հիշատակը շատ կարևոր է առողջ հասարակության համար: Վստահ ենք, որ շատ շուտով Վուդրո Վիլսոնի նկատմամբ հայ ժողվրդի երախտագիտական դրսևորումերը բազմազան ձևեր են ստանալու: Սակայն Վիլսոնի համար ամենից արժանավոր հուշարձանը կլինի ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի կերտումը, որի մասին երազում էր և որի համար պայքարում էր Վուդրո Թոմաս Վիլսոնը:
28 դեկ., 2021թ.
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ