Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022թ. համատեղ հայտարարություն

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022 թ. համատեղ հայտարարություն

3 մայիսի 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ:
Ս.թ. մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցութամբ Վաշինգտոնում մեկնարկեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուստեք վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններում կապերն ամրապնդելու իրենց հանձնառությունը։

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության այս փուլը համընկավ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի հետ։ Պատվիրակությունները դրական գնահատեցին երկկողմ կապերի ընթացիկ մակարդակը և քննարկեցին փոխգործակցության հետագա ընդլայնման ներուժը։ Հայաստանյան պատվիրակության կազմում էին արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ինչպես նաև պաշտոնատար անձինք պաշտպանության նախարարությունից։ Ամերիկյան կողմից նիստին մասնակցում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար դ-ր Քերին Դոնֆրիդը, պետքարտուղարության և պաշտպանության դեպարտամենտի մի շարք պաշտոնատար անձինք։ Ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և բարեկեցության երկուստեք խթանումը

Փոխպետքարտուղար Դոնֆրիդը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր գործուն աջակցությունն ու համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ կառուցելու ժողովրդավարական ու տնտեսական հասանելի ու արձագանքող հաստատություններ, որոնք արտացոլում են ընդհանուր արժեքները և ապահովում ավելի լավ կառավարում ու ավելի մեծ բարեկեցություն։ Պատվիրակությունների միջև աշխույժ երկխոսություն ծավալվեց Հայաստանի դրական ժողովրդավարական ուղեգծին սատարելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից ապահովվող աջակցության վերաբերյալ, որը ներառում է մարդու իրավունքների, մեդիա գրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումներին և նոր պարեկային ոստիկանությանը միտված ծրագրեր։ Պատվիրակությունները նաև քննարկեցին դատական անկողմնակալության և խոսքի ազատության ամրապնդման հետ կապված հարցերը։ Տնտեսական ոլորտում երկուստեք բարեկեցության խթանմանն ուղղված կառուցակարգերի դիտարկումը նույնպես քննարկման առանցքային թեմաներից մեկն էր, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկ ոլորտում և երկկողմ առևտրրի ու ներդրումների խորացումն ու խթանումն աշխատուժի զարգացման միջոցով։

Դեպի անվտանգություն, խաղաղություն և տարածքաշրջանային հակամարտությունների կարգավորում

Պատվիրակությունները քննարկեցին սահմանային անվտանգության հետ կապված հարցերը և փոխգործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական և խաղաղապահության ասպարեզներում։ Պատվիրակությունները կարծիքներ փոխանակեցին անվտանգային հարցերի շուրջ և անդրադարձան ԱՄՆ դերակատարմանը որպես Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ միջազգային հանրությունից։

Շոշափելի արդյունքների դիտարկում

Նախարար Միրզոյանն ու հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպեցին նաև ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի, քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակությունը ստորագրեց մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագիր միջուկային համագործակցության վերաբերյալ, որի միջոցով մեր կառավարությունները կկարողանան ավելի ամուր կապեր ձևավորել երկու երկրների միջուկային փորձագետների, արդյունաբերությունների ու հետազոտողների միջև։ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը նաև ստորագրեցին երկու համատեղ գործողությունների ծրագիր՝ հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ։