ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ինքնիշխանությունը` ինքնության կարմիր գիծ
Հայ հասարակության մեջ զուգահեռաբար տարածվում են միմյանց հետ փոխկապված երկու հայակործան գաղափարներ.
1) Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում Խորհրդային Հայաստանի օկուպացիոն վարչական սահմաններով սահմանազատման և, ըստ այդմ` Արցախից հրաժարվելու պայմաններով,
2) Քաղաքակիրթ աշխարհի կողմից միահամուռ կերպով մերժվող` իր դարն ապրած Ռուսական կայսրության վերականգնման և դրա “հաջողակ” մաս դառնալու անխուսափելիություն։
Այս երկու գաղափարներն արտացոլում են Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համաձայնեցված նպատակները` փակել Արցախի հարցը, վերացնել հայոց պետականությունը` դրանով իսկ վերջակետ դնելով Հայկական հարցի վրա ու ասպարեզից հեռացնելով հայկական գործոնը։ Որպես այս հրեշավոր ծրագրի անխուսափելի հետևանք` հաշված տասնամյակների ընթացքում հայությունը կցրվի, կձուլվի և դուրս կգա պատմության ասպարեզից։
Նույն ծրագրի մաս կազմող այս երկու գաղափարներից առաջինի քարոզիչն ու իրականացնողը Փաշինյանի կրեմլահպատակ ռեժիմն է, իսկ երկրորդինը` հիմնականում Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջանակը և վերջերս Մոսկվայի հրահանգով Հայաստանում դեսանտ իջած մյուս գործակատարը` առկա հնարավորությունները լավագույնս օգտագործելու արտաքուստ գրավիչ դիրքից հանդես եկող Ռուբեն Վարդանյանը։ Մոսկվան, տեսնելով, որ ժողովուրդը մերժում է Քոչարյանին, ասպարեզ է բերել փրկության հրեշտակի կերպարով ներկայացող Ռուբեն Վարդանյանին և ձգտում է նրա միջոցով մեր ժողովրդին մոլորեցնել կայսերական Ռուսաստանում Թաթարստանի նման “հաջողակ” հանրապետություն դառնալու մահացու հեռանկարով, ինչպես նաև ռուսական դպրոցներ բացելու անհրաժեշտության գործարար հիմնավորումներով։
Քոչարյանին զուգահեռաբար Վարդանյանին առաջ բերող Մոսկվան մեզ ընդամենը առաջարկում է սպանվելու ընտրություն կատարել կացնահարողի և պարանով խեղդողի տարբերակների միջև։ Իր բոլոր ձեռնարկումներում ձախող չարիքի կայսրություն Ռուսաստանը մտածում է, որ մեզ կարող է իր կողմը քաշել Պուտինի դրամապանակ աշխատած և ԱՄՆ-ի պատժացուցակում 42-րդ հորիզոնականը զբաղեցնող այս պարոնի միջոցով։
Ազգային-ժողովրդավարական Բևեռն արձանագրում է, որ իր ինքնության և ինքնիշխանության համար միլիոնավոր զոհեր տված հայ ազգը երբեք չի համաձայնելու փաշինյանների կամ քոչարյանների ու վարդանյանների միջոցով մատուցվող և իրականացվող թշնամական գաղափարներին։
Աշխարհաքաղաքական խիստ նպաստավոր զարգացումները հայության համար ստեղծել են բացառիկ հնարավորություն` ընտրելու ամենավատի և ամենալավի միջև։
Եվ հայ ազգն ընտրելու է լավագույնը` ազատությունը, արժանապատվությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։
Շատ շուտով նա իր կամքը կպարտադրի երկրի ներքին և արտաքին թշնամիներին` Հայաստանում վերահաստատելով ազգային իշխանություն։
Առաջին Հանրապետության իրավաջարդության հիման վրա Հայաստանի Հանրապետության վերակերտումը սկիզբ կդնի Հայկական հարցի և նրա բաղկացուցիչ մասը կազմող Արցախի հարցի վերջնական լուծմանը և Հայաստանի կայուն ու սրընթաց զարգացմանը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
15 մարտի 2022 թ., Երևան