Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը
Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Միլբենք շենքում բացառիկ ընդունելության է արժանացել և առանձնազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Խորհրդարանի Լորդերի Պալատի անդամ` Բարոն, Լորդ Ջոն Ալդերդայսի հետ։ Նա Լորդ Ալդերդայսին է ներկայացրել Հայաստանի ներկայիս իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման` Հայաստանի համար ողբերգական ընթացքը։
Հայկ Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրել է նաև Ազգային-Ժողովրդավարական Բևեռի գործունեությունը, գաղափարախոսությունն ու ճանապարհային քարտեզը։
Շուրջ մեկ և կես ժամանոց առանձնազրույց-հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև այլ կարևոր հարցեր։
Բարոն, Լորդ Ալդերդայսը Հայկ Մարտիրոսյանին հայտնել է հայ ժողովրդի հանդեպ տածած իր խոր հարգանքի և համակրանքի մասին, գնահատանքով է խոսել Բևեռի արտաքին քաղաքական ուղղվածության մասին և ընդգծել է, որ Բևեռի` Հայաստանն Արևմուտքի դաշնակից դարձնելու հանձնառությունն անչափ կարևոր է հատկապես այսօր։
Լորդ Ալդերդայսը հույս է հայտնել, որ հայ ժողովուրդն իր համար այս ճակատագրական հանգուցակետում ճիշտ որոշումներ կընդունի։
Լորդ Ալդերդայսը հայտնի Քեմերոնյան Կոալիցիայում Իշխանության մաս կազմած և հիմա սրընթաց ընտրական-քաղաքական նվաճումներ արձանագրող Լիբերալ-Դեմոկրատական Կուսակցության առաջնորդներից է, համաշխարհային Լիբերալների շարժման ղեկավարներից։
Ժողովրդավարության և Խաղաղության Ինստիտուտի նախագահն է, ԱՐՏԻՍ-ի եվրոպական նախագահը և Ահաբեկչության Դրդապատճառների Համաշխարհային Ֆեդերացիայի Մոնիթորինգի Մշտական Հանձնաժողովի նախագահը։
Բարոն Ալդերդայսը Իռլանդիայի հակամարտության լուծման «Բարի Ուրբաթի Համաձայնագրի» – Good Friday Agreement համահեղինակներից է։ Տիրապետում է հակամարտությունների լուծման խնդիրներով հսկայական փորձառության։
Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի նախկին նախագահն է։
Լորդ Ջոն Թոմաս Ալդերդայսը Միացյալ Թագավորության ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է։
Լուսանկարը` Լորդերի Պալատի անդամ` Լորդ Քրիս Ֆոքսի։
Լորդերի Պալատում Լորդ Ալդերդայսի ելույթի լուսանկարը` պաշտոնական կայքից։