ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցը Երևան պատմական արձանագրում է, որ Հայաստանն այլևս ԱՄՆ-ի ռազմավարական օրակարգում է։
Անշուշտ, շատ կարևոր են այդ օրակարգի՝ օբյեկտիվորեն ենթադրվող և մեզ համար կենսական նշանակություն ունեցող միտումները, առաջին հերթին՝ Ռուսաստանի դուրս մղումը, Թուրքիայի և Ադրբեջանի զսպումը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական տարածքի և նվազագույն անկախության երաշխավորումը։
Սակայն այս ամենը կիսատ ու անպիտան կամուրջի կվերածվի և մենք էլ անդունդի վրայով անցնելու փոխարեն կգահավիժենք, եթե սուբյեկտային վարք դրսևորելով ընդառաջ չգնանք, և կամուրջի մեր բաժինը չկառուցենք։
ԱՄՆ-ն Հայաստանին պատկերացնում է որպես տարածաշրջանում իր ռազմավարական օրակարգի և, առհասարակ, Արևմուտքի առաջապահ։
Վրա հասնող նոր իրավիճակում Հայաստանի և հայության ապագայի հանդեպ ծանրագույն հանցագործություն է դառնում փաշինյանական վարչախմբի և նրան գովերգող կեղծ արևմտամետների որդեգրած իբրև թե չեզոքության, իսկ իրականում՝ ընդամենը Ռուսաստանի ոճրագործ ծավալապաշտությունը սպասարկող արտաքին քաղաքականությունը։
Հայաստանը և հայությունը կանգնած են լավագույնի և վատագույնի միջև ընտրության ճամփաբաժնին։
Առանց հապաղելու և վարանելու պետք է ժամ առաջ հաղթահարենք գավառական մանր առևտրականի տիրապետող մտայնությունները և մեծ մտածելով՝ ընդառաջ գնանք ապագային։
Առաջին քայլն ազգային իշխանության ստեղծումն է։ Ուստի ամեն կերպով պետք է հաջողենք կատարել այդ քայլը, ապա ձեռնամուխ կլինենք կամուրջի մեր բաժինը կառուցելուն և կստանձնենք տարածաշրջանի առաջապահի պատասխանատվությունը։
Վարուժան Ավետիսյան
18 հուլիսի 2022 թ.
Նուբարաշեն ՔԿՀ