ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԹՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
«Ճիշտ նույն օրերին (1920թ. նոյեմբերի վերջերին) Ժնևում առաջին անգամ գումարվել էր Ազգերի լիգան և այնտեղ հարց էր դրված Հայաստանին և Վրաստանին Ազգերի լիգա ընդունելու մասին (Ադրբեջանի հարցը օրակարգում չկար, քանի որ վերջինս 1920թ. ապրիլի 28-ին խորհրդայնացել էր – Ա.Զ.)։
Հայաստանի ծանր վիճակի մասին նոր ստացված տեղեկությունները (Հայաստանը դե ֆակտո պարտվել էր հայ-թուրքական պատերազմում, միաժամանակ խորհրդային Ռուսաստանի զինուժը ներխուժել էր ՀՀ հյուսիս-արևելյան շրջանները, իսկ Սյունիքում շարունակվում էին մարտերը ռուս-թաթարական զինված ստորաբաժանումների դեմ – Ա.Զ.) ստիպել էին Ժնևում անգլիական, ֆրանսիական և իտալական ներկայացուցիչներին Հայաստանին և Վրաստանին չընդունել Ազգերի լիգա, որպեսզի լիգայի կանոնագրի 10-րդ հոդվածի համաձայն ստիպված չլինեն օգնություն հասցնել Հայաստանին և Վրաստանին:
Բոլշևիկները և նրանց հետևից նույնիսկ ռամկավարներն ասում են, թե դաշնակցականները Հայաստանը 1920թ. վերջերին ողբերգական վիճակի հասցրին, իսկ բոլշևիկները եկան և թուրքերից փրկեցին Հայաստանը։ Բացարձակ սուտ է:
Թուրքերի գլխավոր զինակիցները բոլշևիկներն էին, որ ուժ ու հնարավորություն տվեցին թուրքերին՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Դա անվիճելի փաստ է։ Փաստ է նույնպես, որ իրար օգնելուց հետո, իրար մեջ բաժանեցին Հայաստանը։
Եւ բոլշևիկները թուրքերին տվեցին այն, ինչ որ նրանք ուզում էին՝ Կարսը, Սուրմալուն, Արդահանը, մնացածը, ինչ որ թուրքերին պետք չէր, այսինքն՝ հայերով բնակեցված շրջանները, ռուսները վերցրին իրենց։
Փաստերը հաստատում են, որ թուրքերը Հայաստանի նկատմամբ ունեին պարզ և որոշ նպատակ՝ թույլ չտալ Սևրի դաշնագրի գործադրությունը, թույլ չտալ հայկական պետությանն ամրանալ։
Բոլշևիկներն օգնում էին թուրքերին՝ ղեկավարվելով համաշխարհային հեղափոխական նկրտումներով։ «Եթե համաշխարհային հեղափոխության գերագույն նպատակների համար հարկավոր լինի զոհել մեկ միլիոն հայ, պետք է զոհել»,- ասում էին նրա ականավոր գործիչները։
Այսքանից հետո ուղղակի ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը»։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆ
(ՀՀ վարչապետ, 1919 փետրվարի 15-1920 մայիսի 5)