Այս տարվա մայիսին, Սյունիքի Սև լճի տարածք թշնամու ներխուժումից հետո, պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից հաճախ լսում ենք այսպիսի պնդում` «թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք»: Սուվերեն տարա՞ծք: Իսկապե՞ս:
Իսկ 1991-1994 և 2020 թվականների Արցախյան պատերազմում կռվում և զոհվում էինք ՀՀ ոչ սուվերե՞ն տարածքների համար: 30 տարի է չենք ճանաչում մեր պետական սահմանները: Եվ ի՞նչ:
Հայաստանի պետական սահմանները բոլշևիկների կողմից գծված վարչական սահմաննե՞րն են, թե՞ առաջին հանրապետության: Արցախը կոչելով անկախ, և պայքարելով Արցախի անկախության համար, մենք ըստ էության ներկայացնում էինք և ներկայացնում ենք Արցախը որպես Ադրբեջանի մաս: Քանզի անկախություն կարելի է պահանջել որևէ միջազգային ճանաչված սուբյեկտից: Պարզ է չէ՞, որ 30 տարի է մենք Հայաստանից չէինք պահանջում Արցախի անկախությունը:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, մենք ընդունել ենք սովետական ներվարչական սահմանները որպես միջազգայնորեն ընդունված սահմաններ, և ըստ դրա գնացել ենք «ժողովուրդների ինքնորոշման» ճանապարհով, ի սկզբանե զիջելով «տարածքային ամբողջականության» սկզբունքը թշնամի Ադերբաջանին: Մենք մեր իրական պետական անձնագիրը ոչնչացրել ենք, և գոյատևում ենք օկուպացիոն համակարգի կողմից տրված կեղծ անձնագրով: Այդ իսկ պատճառով հայտնվել ենք Հայաստանի պատմության ամենաբարդ և ամենածանր իրավիճակում: Պարզ է, որ ընդունելով առաջին հանրապետության իրավահաջորդությունը, ինքնըստինքյան մեր բոլոր խնդիրները չէին լուծվի:
Սակայն, արհամարհելով 101 տարի առաջվա բոլոր միջազգային հայանպաստ որոշումները, արհամարհելով 1989թ դեկտեբերի 1֊ի Միացման մասին որոշումն, արհամարհելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը` մենք գնացինք սխալ, հակապետական ճանապարհով: Արցախը պոկելով մայր Հայաստանից և առաջնորդվելով որպես սովետական Հայաստանի իրավահաջորդ, մենք մեզ նետեցինք անկյուն, և դարձանք Ռուսաստանի ձեռքին գործիք:
Անշուշտ, Ռուսաստանի ձեռքին գործիք դառնալու պատճառները բազմաթիվ են, սակայն այդ պետական կեղծ անձնագիրը իրագործեց այդ չարիքի առյուծի բաժինը:
Սամվել Ասլիկյան 2 սեպտեմբերի, 2021 թ., ք. Երևան