Իրավունքը քաղաքականության ամենից կարեւոր տարրն է. Սարո Սարոյան

Ժամանակակից հայկական աշխարհընկալումը մշտարթուն պահում է այն համոզմունքը, որ քաղաքականության մեջ իրավունքը երկրորդային կամ, նույնիսկ, կեղծ կատեգորիա է, եւ որ աշխարհում ամեն ինչ որոշվում է իրապաշտական (ռեալպոլիտիկի) հողի վրա։ Ըստ այդ համոզմունքի՝ աշխարհում կան ուժային կենտրոններ, որոնցից է կախված մեր ու մեզ նման հանրությունների ապագան։ Ուստի, մեր խնդիրն է գտնել մեզ պաշտպանող ուժային կենտրոնին, պայմանավորվել նրա հետ («կախվել» նրանից) ու նրա օգնությամբ փրկություն գտնել այս արեւի տակ։

Մի պարզ օրինակ։ 30 տարի Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքական էլիտան լծված էր Արցախի հարցում իրավունքը արհամարհելու գործին։ Ոտնահարելով ՀՀ Անկախության հռչակագիրը՝ այդպես էլ ոչ մի վարչախումբ երբեք չգնաց Արցախը ՀՀ մաս ճանաչելու կամ ԼՂՀ-ն ճանաչելու ու նրա հետ իրավապայմանագրային հարաբերություններ հաստատելու ճանապարհով։ Արցախում կանգնած էին ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ու քաղաքական էլիտան թքած ուներ իրավունքի վրա, թե ինչ հիմքով են այդ քաղաքացիներն այնտեղ գտնվում։ Այդ մարդկանց ողջ մտահորիզոնը հանգում էր նրան, որ կարեւորն այն է, որ կա Ռուսաստանը, ով երաշխավորում է մեր (Արցախը ներառյալ) անվտանգությունը, իսկ որ Արցախի հարցում մեր իրավունքը գետնին է թողնված, դա ոչ մի նշանակություն չունի։

Այսօր մենք քաղում ենք առաջին հերթին հենց դրա պտուղները։ Իրավունքը քաղաքականության ամենից կարեւոր տարրն է։ Սա ապաքաղաքական հայության տարբեր շերտերին այսօր հնարավոր չէ բացատրել, որոնք խորքային համոզմունք ունեն, որ քաղաքականությունը պայմանավորվելու արվեստ է եւ մեր խնդիրն է գտնել «լավ» ուժային կենտրոնին ու նրա հետ «ճիշտ» պայմանավորվել։

Այս ամենը գրեցի, որպեսզի եւս մեկ անգամ պետական լծակներ ունեցողներին ցույց տամ իրենց դժգույն ու դժբախտ ապագան։ Արցախն ուրանալով՝ իրավունքի ուժով պատասխան են տալու բոլորը։ ՀՀ-ում գործում է 1992 թ.  ԳԽ որոշումը, որը պարտավորեցնում է բոլոր պաշտոնյաներին Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ռեալպոլիտիկ խաղալով ու իրավունքի ուժով Արցախին տեր մնալու հայության կամքն արհամարհելով՝ ինչպես տգետ ու սրիկա ներկայիս վարչախումբը ստացավ կործանարար պատերազմ, այնպես էլ իրավունքն արհամարհելու, օրենքը ոտնահարելու համար վաղը ստանալու է դաժան պատիժ։ Իրավունքի հետ խաղ անել չի կարելի, այ սա չի կարողանում հասկանալ քաղաքական մի ամբողջ «էլիտա»։ Ու սա մի փոքր շերտի խնդիր չէ, սա մեր ժողովրդի խորքային արատներից է։