Իրան, Հայաստան, Վրաստան ճանապարհը պիտի լինի գլխավոր նպատակը

ԴԻՄՈւՄ
Հայաստանի, Իրանի ու Վրաստանի իշխանություններին, քաղաքական, հասարակական, ռազմական գործիչներին, մտավորականներին, հոգևորականներին և ընդհանրապես հանրություններին.
Աշխարհագրությունը հուշում է, որ եթե հաշվի չառնենք օվկիանոսային երկար ճանապարհները, արևելքն ու արևմուտքը իրար ուղիղ կապող միակ հնարավորինս անկախ (թուրքական և ռուսական գործոնները շրջանցելու հնարավորություն ունեցող) ճանապարհը Իրան-Հայաստան-Վրաստան երկրներով անցնող միջազգային ճանապարհն է։ Այս ճանապարհի գործարկումն ու դրա ինքնիշխան անկախության ապահովումը պետք է լինի այս երեք երկրների գլխավոր նպատակներից մեկը։ Ցանկացած միջազգային կառույց, երկիր, գերտերություն, ով դեմ է այս ճանապարհի կայացմանը, դեմ է մեր երեք երկրների շահերին և գոյությանը, նաև այս ճանապարհից օգտվել ցանկացող երկրների շահերին ու զարգացմանը, սրա գիտակցումը պետք է ուղենիշ դառնա Վրաստանի, Հայաստանի և Իրանի քաղաքական իշխանությունների համար` դաշնակից այլ երկրների, կառույցների որոնումների ընթացքում։ Հայաստանը, Իրանն ու Վրաստանն այս հարցում պինդ դաշինք կազմելով և սերտ, համակողմանի համագործակցելով` միասնական ջանքերով կկարողանան այս ծրագրի կայացման համար ներգրավել արևելքի և արևմուտքի շահագրգիռ երկրներին, գերտերություններին և ուժային կառույցներին։
Եթե մեր երեք երկրների իշխանությունների շրջանակներում չի ընկալվում ասվածի կարևորությունը, անհրաժեշտ է, որ մեր երկրների հանրությունները հասկանան դա ու կտրականապես, աներկբայորեն պահանջեն, պարտադրեն իրենց իշխանություններին շարժվել այս օրակարգով կամ փոխարինեն նրանց ավելի խոհեմ ու ազգային շահերով առաջնորդվող իշխանություններով։
Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհը զարգացման գրավական ու կյանքի ճանապարհ է և՛ մեր երեք երկրների, և՛ արևելքի ու արևմուտքի մի շարք երկրների համար։

Արսեն Համբարյան