Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան

Ասեմ՝ իմացեք շարքից
կամ
աշխարհաքաղաքական զարգացումներն արագանում են։

Իրանի շուրջ վերջին իրադարձությունները բավականին պարզունակ վերլուծությունների տեղիք են տվել։ Հարցուպատասխանով փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։

1. Համաշխարհային առումով ամեն ժամանակահատված ունի իր հիմնական դիմակայության առանցքը։ Ո՞րն է ներկա ժամանակահատվածում հիմնական դիմակայության և մրցակցության առանցքը։

Դա ԱՄՆ-Չինաստան դիմակայությունն է, մրցակցությունը և առաջիկայում հնարավոր բախումը։ Մնացածը ածանցյալ են կամ երկրորդական։ Արդյոք Չինաստանի հետ անմիջական բախումը ձեռնատու՞ է ԱՄՆ-ին։ Ոչ ձեռնատու չէ, բայց հավանական է։ Հենց ամերիկյան փորձագետների կարծիքով՝ հնարավոր է առաջիկա 2-5 տարվա ընթացքում։

2. Ուստի, ի՞նչ պիտի անի ԱՄՆ-ը՝ խոսափելու համար բախումից կամ այն դարձնելու ԱՄՆ համար պակաս վտանգավոր և վնասաբեր։ Ճիշտ եք՝ մինչ այդ բախումը պիտի հնարավորիս թուլացնի Չինաստանը։

Ի՞նչ պիտի անի դրա համար։ Պիտի անի երեք բան․

ա․ զրկի Չինաստանին նորագույն տեխնոլոգիաներից, որն արդեն սկսել է՝ օրենսդրական փոփոխություններ անելով և Չինաստանից ԱՄՆ տարածք տեղափոխելով շատ առաջավոր արտադրություններ։ Օրինակ չիփերի արտադրությունը, որի համար արդեն իսկ հատկացրել է 200 միլիարդ դոլար։ Արգելել է ԱՄՆ քաղաքացիներին աշխատել չինական համապատասխան ընկերություններում, սաստկացրել է չինական տնտեսական լրտեսների դեմ պայքարը։

բ․ զրկի Չինաստանին հումքի աղբյուրներից։ Դա էլ ընթացքի մեջ է։ Չինաստանի հումքի հիմնական մատակարար Ռուսաստանը պիտի դադարի Չինաստանի հումքային կցորդը լինելուց։ Դրա համար ԱՄՆ պիտի անի երկու բան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պարտությունը դարձնի անխուսափելի, բայց դանդաղ, որպեսզի Ռուսաստանը չտրոհվի և Սիբիրն ու Հեռավոր արևելքն իրենց հումքով չհայտնվեն Չինաստանի ձեռքում, և Ռուսաստանում, նրա ռազմական պարտության հետևանքով, հաստատի վարչակարգ, որից Արևմուտքը վտանգ չի զգա և որին թույլ տա հումք ծախել Արևմուքին։

գ․ զրկի Չինաստանին վաճառահանման շուկաներից, այսինքն եկամուտի աղբյուրներից։ Ներկայումս ԱՄՆ-ում և Եվրոմիությունում՝ նրանցից յուրաքանչյուրում, Չինաստանը տարեկան վաճառում է ավելի քան 900 միլիարդ դոլարի ապրանք։ Դրանք հիմնականում լայն սպառման ապրանքներ են։ Դրանց արտադրության տեղափոխումը Արևմուտք կհանգեցնի գների հսկայական աճի և բնակչության լուրջ դժգոհությունների։ Հետևաբար, խնդիրը ոչ միայն Չինաստանին վաճառահանման շուկաներից զրկելն է, այլև նրա արտադրած ապրանքների փոխարինումը այլ երկրի մրցունակ ապրանքներով։ Ո՞ր երկիրն այսօր ունի բավարար էժան աշխատուժ Չինաստանին փոխարինելու։ Էլի ճիշտ եք՝ միայն Հնդկաստանը։ Հնդկաստանն իր բնակչությամբ, դիրքով, տարածքով, աճող ռազմական և տնտեսական հզորությամբ, քաղաքական շահերով և այլն, միակ երկիրն է, որ կարող է հակակշռել Չինաստանին։ Կարող է, եթե ազատ, անխափան, համեմտաբար կարճ ու մրցունակ ցամաքային միջանցք-մայրուղի ունենա Եվրոպայի հետ, այնտեղից էլ ԱՄՆ արևելյան ափեր։ Ծովային ճանապարհը բացառվում է՝ Սուեզի միջանցքը թանկ է, գերծանրաբեռնված ու արդեն չունի բավարար թողունակությունը։ Նայում ենք քարտեզին՝ ամենահարմար ճանապարհը Հնդկաստանից ծովային ճանապարհով Իրանի Հարավային նավահանգիստներն են, մասնավորապես նորակառույց Չհարբահարը, ապա ցամաքային ճանապարհով Հայաստան, կամ Նախիջևան հետո Հայաստան, Վրաստան, Սև ծով, Բուլղարիայի, Ռումինիայի, շուտով նաև Ուկրաինայի, նավահանգիստներ։ Սրանք բոլորն ունեն երկաթուղային ճանապարհներ և գետեր դեպի երկրի խորքերը։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու՞ է պետք Նախիջևան-Հայաստան երկաթուղու բացումը։ Իհարկե, Իրանից ցամաքային ճանապարհով կարելի է անցնել Իրաք, Թուրքիա կամ Ադրբեջան, բայց քաղաքական, քաղաքակրթական և ռազմական առումներով դրանք պակաս նախընտրելի են։ Եվ միևնույն է՝ այդ շղթայում Իրանը մնում է անփոխարինելի օղակ։

Հիմա եկանք բուն նյութին՝ ակնհայտ է, որ Չինաստանին հակակշռելու հարցում Իրանի տարանցիկ դերը առանջնային է և վճռորոշ։ Ուրեմն, Արևմուտքը Իրանի վարչախմբին կամ պիտի շահագրգռի/հարկադրի միանալ հնդ-եվրոպական առանցքին, կամ Իրանում իշխանության պիտի բերի նոր վարչախումբ, որը կհմաձայնի միանալ։ Վերջին ամիսներին Արևմուտքը հենց դա էր անում Իրանում՝ շահագրգռում էր բանակցություններում և հարկադրում էր ներքին ճնշումով։

Ըստ այդմ, երեկվա հարվածներն Իրանի ռազմական թիրախներին պատերազմի սկիզբ չեն, որևէ մեկը, բացի Ռուսաստանից, դրանում շահագրգռված չէ, այլ քաղաքական սիրո հարկադրանք՝ Իրանին նոր ձևավորվող առանցքին միանալու մի քիչ կոպիտ առաջարկ։

Հասանք մեզ։ Սա է պատճառը, որ Արևմուտքը պահում է Սյունիքը Հայաստանի կազմում (որպես նախիջևանյան գծին այլընտրանք) և դեմ է Ադրբեջան-Նախիջևան անցուղուն, քանի որ այն հատված է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա, կամ Միջին Ասիա-Ադրբեջան-Թուրքիա երթուղու, որը սկզբնավորվում է և առավելապես ծառայելու է Չինաստանին։

Ի դեպ, 2020թ. պատերազմի բուն նպատակը և Հայաստանի պարտությունն այդ պարերազմում, հենց Չինաստան-Արևմուտք նոր ցամաքային երթուղու համար աշխարհաքաղաքական նախադրյալների և հնարավորությունների ստեղծումն էր։

Առայժմ այսքանը։

Արա Պապյան