https://www.rferl.org/a/32953855.html
Ամփոփում
- Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։
- Իրանական ԶԼՄ-ները վթարի պատճառ են նշում վատ եղանակը։
- Փրկարարները անձրևի տակ փորձում են հասնել վթարի վայր։
- Ուղղաթիռի վայրէջքի մասին հաղորդումները սկսվեցին 17։00-ի սահմաններում, դեռևս չի հաջողվել կապ հաստատել։
23:49
Իրանի պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, հայտնում է, որ Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ վայրը» տեղորոշվել է։
23։33
Մոսկվան պատրաստ է աջակցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք երրորդ ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին հայտնվող տեղեկություններին, որոնց թվում եղել են Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահ Ռաիսին»,- ՏԱՍՍ-ին ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով. «Անկեղծորեն հույս ունենք, որ նրանք ողջ են, և նրանց կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում»:
22։56
Թեհրանի խնդրանքով Թուրքիան 32 փրկարար-ալպինիստներից բաղկացած խումբ է ուղարկել Իսլամական Հանրապետություն՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի որոնումներին աջակցելու նպատակով, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
22։42
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ վշտացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված վթարի կապակցությամբ, և որ Թուրքիան լիակատար կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
22։38
Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հաստատում է, որ կանգնած է Իրանի կողքին այս դժվարին պայմաններում և պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ է, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
22։35
Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին ասել է, որ նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո Էբրահիմ Ռաիսիի ուղեկցողներից երկուսը մի քանի անգամ կապ են հաստատել։
Միաժամանակ Իրանի փոխնախագահը նշել է, որ «կարծես թե դա լուրջ դժբախտ պատահար չէր», հաղորդում է պետական IRNA լրատվական գործակալությունը։
22:33
Իրանի Կարմիր մահիկի ընկերակցությունը հերքում է նախագահ Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունները։
22։06
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին իր առաջին արձագանքում, դիմելով երկրի քաղաքացիներին, հորդորել է «չանհանգստանալ», հավաստիացրել, որ «պետության կառավարման գործում խափանումներ չեն լինի»։
22։05
Եվրամիությունը (ԵՄ) հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով կաջակցի Էբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռի որոնողական աշխատանքներին։
Դաշինքի ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեց Լենարչիչը մասնավորապես X-ում հայտնել է, որ ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկուս» ծրագիրը։
22։04
Ռուսաստանը, Թուրքիան, Քաթարը օգնություն են առաջարկել Իրանին։
21։51
Որոնողափրկարարական աշխատանքները՝ լուսանկարներով
21։21
Իրանի օրենսդրությունը նախատեսում է, որ նախագահի մահվան դեպքում իշխանությունն անցնում է առաջին փոխնախագահին։ Խորհուրդը, որը բաղկացած է Իսլամական խորհրդատվական ժողովի նախագահից, դատական իշխանության ղեկավարից և առաջին փոխնախագահից, 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։ Իրանի ներկայիս առաջին փոխնախագահը Մոհամմադ Մոհբերն է։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը, արխիվ
21։19
«Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարարի և այլ պաշտոնական անձանց ուղղաթիռի կործանման լուրը խորը մտահոգել է մեզ»,- հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
21։17
Իրաքն օգնություն է առաջարկել որոնողափրկարարական աշխատանքներում, ասել է կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին:
21։02
Ո՞վ է Ռաիսին
63-ամյա Էբրահիմ Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականին՝ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենացածր մասնակցությունը գրանցած ընտրությունների արդյունքներով։
Ռաիսին երկար տարիներ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Իրանի արդարադատության ոլորտում, այդ թվում՝ երկրի գլխավոր դատախազ, 2019 թվականին Այաթոլլահ Խամենեի որոշմամբ նա նշանակվել է դատական իշխանության ղեկավար։
Ծայրահեղ պահպանողական հայացքներով հայտնի Իրանի նախագահը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, այդ թվում՝ 1988 թվականին իրանա-իրաքյան արյունալի պատերազմի ավարտին հազարավոր քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժներին մասնակցելու համար։
21։00
Հայաստանն Իրանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնում։
«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։
Մինչև փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», – ասված է Արտգործնախարարության X-ում արված գրառման մեջ։
20։30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է իրանցի պաշտոնակցին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերին, որը տեղի է ունեցել իր հետ հանդիպումից հետո։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ «խորապես մտահոգված» են և «աղոթում են»։
«Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է առաջարկել ցանկացած անհրաժեշտ օգնություն»,- X-ում գրել է Իլհամ Ալիևը։
Իրանի և Ադրբեջանի նախագահները երկու երկրների սահմաններին, մայիսի 19-ի առավոտյան
20։22
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հրահանգել է մոբիլիզացնել բանակի բոլոր ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու ոստիկանությունը՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիիի ուղղաթիռը գտնելու համար։
Իրանի նախագահի շարասյան երեք ուղղաթիռներից մեկը մայիսի 19-ի առավոտյան, իրանա-ադրբեջանական սահման
20։15
Մոտ երեք ժամ է անցել Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին առաջին հաղորդագրությունների հրապարակումից։ ԶԼՄ-ներն ու Իսլամական Հանրապետության իշխանությունները նշում են, որ դրա հնարավոր կործանման ճշգրիտ վայրը դեռ չի հայտնաբերվել։
20։14
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի լուրերի մասին, հայտարարել է Սպիտակ տունը։
20։10
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ում գրել է՝ Բրյուսելում հետևում են Իրանից ստացվող լուրերին՝ նշելով, որ նախագահ Ռաիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի վիճակը «դեռ պարզ չէ»։
«ԵՄ անդամ երկրների և գործընկերների հետ միասին ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- գրել է Միշելը։
20։04
ԱՄՆ պետքարտուղարությունից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ հայտարարել են, որ Վաշինգտոնը «ուշադիր հետևում է Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին, այս պահին այլ մեկնաբանություն չունեն»:
20։02
Իրանի պետական լրատվամիջոցները նախագահ Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքների կադրերն են հրապարակել։
Կարճ տեսանյութում ցուցադրվում է՝ ինչպես են փրկարարները խիտ մառախլապատ եղանակային պայմաններում մեքենաներով բարձրանում ճանապարհով, քայլում լեռնային տեղանքում։
19։55
IRNA պետական լրատվական գործակալության համաձայն՝ իրանական կառավարության պատվիրակությունը՝ փոխնախագահի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր։
19։50
Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններից հետո։
19:44
Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կործանվել է լեռնային տեղանքում մառախուղի մեջ»՝ Ադրբեջանի հետ սահման այցից վերադառնալու ճանապարհին, Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան։
«Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են», – ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
19։12
Ի՞նչ են ասել Ռաիսին ու Ալիևը այսօրվա հանդիպումից հետո
«Թշնամիները Ադրբեջանի և Իրանի առաջընթացը չեն ցանկանում, բայց մենք կարծում ենք, որ ցանկացած առաջընթաց Ադրբեջանում մեր առաջընթացն է, ցանկացած սպառնալիք երկու երկրների սահմաններին կորուստ կլինի երկու երկրների համար»,-Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, հավաստիացրել էր՝ Թեհրանն ու Բաքուն միմյանց աջակցում են բոլոր միջազգային կառույցներում և կշարունակեն նույնն անել նաև հետագայում։ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ Իրանը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության հարցում։
18:26
Երկրի արտակարգ իրավիճակների վարչության խոսնակը հայտարարել է նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր շտապօգնության 8 մեքենա ուղարկելու մասին և հայտնել, որ մառախուղի պատճառով օդային փրկությունը հնարավոր չէ։
18։00
Նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել, ասել է երկրի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին։
Նա հավելել է, որ ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել վատ եղանակային պայմանների պատճառով։
ՆԳ նախարարի հաղորդմամբ՝ փրկարարական խմբերի աշխատանքներին հիմա ևս խոչընդոտում են եղանակային բարդ պայմանները։
«Փրկարարական տարբեր խմբեր շարժվում են դեպի տարածք, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով տարածք հասնելը կարող է ժամանակ պահանջել», – նշել է նա։
17։24
IRNA գործակալությունը հաստատել է, որ նախագահ Ռաիսին գտնվել է կործանված ուղղաթիռում արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի և տեղական այլ պաշտոնյաների հետ միասին։
Իրանական լրատվական գործակալությունը նշում է, որ կոշտ վայրէջքի վայրի որոնումը բարդանում է եղանակի պատճառով։
17։00
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել, հայտնում է Reuters-ը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը հղում անելով։
Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նախագահի շարասյան մեջ գտնվող երեք ուղղաթիռներից մեկը, որով ուղևորվում էր Ռաիսին, ենթադրաբար վթարի է ենթարկվել։
Դեպքի վայր փրկարարական ջոկատներ են ուղևորվում։
Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։