Հայաստանի քաղաքական խոսույթում 1990-ականներից սկսած ասպարեզ է նետվել մի արհեստական երկվություն։ Այն վտանգավոր վեճ է հարուցում այսպես կոչված իրական Հայրենիքի և պատմական Հայրենիքի ընկալումների և առ դրանք ձգտումների միջև։
Այդ արհեստական ու խիստ վտանգավոր վեճի ծայրահեղ դրսևորումները մի կողմի պարագայում հանգեցնում են Ցեղասպանությունը և Հայրենիքի կորսված հատվածի նկատմամբ իրավունքն ու ժառանգությունը, այդ թվում՝ 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը, ուրանալու դավաճանական «պրագմատիզմին», իսկ մյուս կողմի պարագայում՝ կենացախոսային վերացական հայրենասիրությամբ բավարարվելուն, որը, թող զարմանալի չթվա, դարձյալ ուրանում է 1-ին Հանրապետությունը։
Այս արհեստական վեճի հոգևոր-գաղափարական հայրը, այդու՝ դրանով ստեղծված ծայրահեղ տեսակետների ծնողն ու սնողը նույնն է և նրա անունն է Ռուսական կայսրություն։
Եվ այս արհեստական վեճի աղմուկի տակ խեղդվում է «Կենսունակ Հայաստան»-ը։
Ներկայումս, ծանր պարտության ազդեցությամբ, որոշակիորեն հետին պլան է մղվել կենացախոսային վերացական հայրենասիրությունը, սակայն «Կենսունակ Հայաստան»-ի փոխարեն ասպարեզը գրավում է պրագմատիկ դավաճանության ծնունդ «Առկա Հայաստան»-ը, որը նույն «Սովետական Հայաստան»-ն է։
Առկա «Սովետական Հայաստան»-ը չի կարող կենսունակ լինել։ Ռուս-թուրք եղբայրությունը 100 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը զավթելու, մասնատելու և բռնակցելու միջոցով ի դեմս «Սովետական Հայաստան»-ի թողել է այնպիսի տարածք և սահմաններ, որ նա գործնականորեն ի զորու չլինի դառնալու պետություն։
Առկա «Սովետական Հայաստան»-ի տարածքն ու սահմանները հնարավոր չէ պաշտպանել քաղաքական և/կամ ռազմական եղանակով, եթե այդ պաշտպանությունը չի իրականացվում առ «Կենսունակ Հայաստան» նպատակադրմամբ։ Աշխարհը «Կենսունակ Հայաստան»-ի տարածքն ու սահմանները որոշել է որպես Հայաստանի 1-ին Հանրապետության տարածք և սահմաններ։
Այո, կա/կան դրանց հասնելու փուլ/փուլեր և, իհարկե, հօգուտ ազգային շահերի կարող են լինել վերանայումներ ըստ կենսունակության ներկայիս չափանիշների։
Բայց, բոլոր դեպքերում, միայն առ «Կենսունակ Հայաստան» նպատակադրման իրագործմամբ է հնարավոր ապրել ու զարգանալ։
Այս հաստատունից աջ կամ ահյակ թեքումները կարծիքներ չեն, այլ դավաճանություն։
Վարուժան Պարսամի Ավետիսյան