Հայի ազգային ինքնությունը վտանգված է: Վտանգված է նաև մեր երեխաների ապագան, մեր հայրենիքի ու պետության անվտանգությունը և մեր լինելիությունն ընդհանրապես։ Մենք ապրում ենք անորոշություններով լի աշխարհում և ամեն օր բախվում ենք նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Սակայն մի բան միշտ մնում է անփոփոխ՝ մեր պատասխանատվությունը՝ պաշտպանելու այն, ինչ մեզ համար թանկ է։ Ոչ մի երկրում չեք տեսնի, որ կառավարությունն իր քաղաքացու թշնամին լինի: Անօրինակ բան է, սակայն՝ փաստ: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը բոլոր տեսակի թշնամիներից, քանի որ դա մեր երեխաների կյանքի ապահովության բանալին է։ Մեր զավակներն արժանի են մեծանալու ներդաշնակ և կայուն աշխարհում: Ապրել, սովորել ու երազել առանց պատերազմի կամ հակամարտության սպառնալիքի: Ակնհայտ է, որ հայաստանյան նախորդ երեք ռեժիմները, ծառայելով Կրեմլին, նույնպես թշնամի են եղել։ Սակայն գործող ռեժիմը լինելով ռուս-թուրքական հանցագործ համագործակցության կատարելագործված գործիքը՝ Հայաստանը տանում է թրքացման կամ ասիմիլացման ու բնաջնջման։ Մեզնից յուրաքանչյուրը մեղավոր է երկրի ներկայի և պատասխանատու ապագայի համար: Մեզնից է կախված, թե ինչ Հայաստան է ստեղծվելու վաղը։ Սա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Ցավոք, այնպես է ստացվել, որ այսօր հայրենիքի պաշտպանությունը մարտադաշտից տեղափոխվել է Երևանի փողոցներ։ Ուստի, բոլոր այն մարդիկ, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, ովքեր համաձայն չեն այս վիճակին, պետք է դուրս գան փողոց և պահանջեն թշնամի համակարգի հեռացումը, այնուհետև՝ լյուստրացիան և արդարադատություն։ Մենք մեր երեխաներին պետք է ժառանգենք արժանապատիվ, անվտանգ ու կենսունակ երկիր: Որպեսզի նրանք կարողանան կրել ազատության ջահը, որը կլուսավորի նաև այլոց ազատ ու անվտանգ ապագայի ճանապարհը՝ անգամ Ադրբեջանում ապրող ճնշված ազգային փոքրամասնությունների: Եկեք համախմբվենք հանուն մեր երեխաների, հանուն մեր պետության։ Եկեք միասին աշխատենք ու եկող սերունդներին ապահովենք խաղաղություն ու ազատություն: Եվ հայոց պետականությունը պաշտպանելու մեր վճռականությունը, մեր ավանդածն ու սերն առ հայրենիք թող ոգեշնչող օրինակ լինեն մեր երեխաներին՝ ստեղծելու նորմալ պետություն և ազատագրելու ավելի մեծ հայրենիք։