ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (Դև). ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

30 տարի առաջ՝ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին, Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում զոհվեց Դավիթ Սարապյանը։

Փառք տանք հերոսի սխրանքին, հիշենք ու կյանքի կոչենք նրա պատգամները։

Տող գյուղի առասպելական, անհավանական ազատագրման մասին Կոմանդոսը պատմում էր, որ ինքն առաջարկում էր պաշտպանական մարտավարություն վարել, բայց զրույցի ժամանակ Դավիթն ասաց մի բան, որը «…հետո հասկացա՝ հիմքն էր մեր հաղթանակի «պաշտպանությունը մահվան հավասարազոր է, մենք էդ գյուղը պիտի ազատենք» 4 հոգի ինքը, 20 հոգի՝ ես, չհասկացա՝ ո՞նց կարող էինք սովետական բանակի դեմ դուրս գալ՝ 200 հոգի։ Կան մարդիկ,  որոնց մարտական ոգին այնքան ուժեղ էր, որ իրենք պիտի զոհաբերվեին հերոսաբար Դավիթն ինձ ուժ տվեց, Դավիթն իմ մեջ թողեց այն սկիզբը, որ ես հավատացի, որ մենք կարող ենք անել այն, ինչ արեցինք Ղարաղաբում»։

ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Տող գյուղի ազատագրման ռազմագործողությունը սկսվել է 1991թ. հոկտեմբերի 30-ին: Խումբը բաժանվել է երեք մասի, մարտական ջոկատներից յուրաքանչյուրը պետք է շարժվեր նախանշված ուղղությամբ: Նրանք գործելու էին առանձին-առանձին, բայց միաժամանակ: Իսկ Դավիթը՝ մեն-մենակ:

Աշնանային մութ գիշեր է: Դավիթը զինվորական պայուսակը լցրել է նռնակներով ու սուզվել գիշերային խավարում։
Հասնելով թշնամու առաջին ժամապահին՝ Դավիթը դաշույնի մի հարվածով ակնթարթորեն լռեցնում է նրան: Ապա հուշիկ քայլերով մոտենում և անաղմուկ վերացնում է նաև երկրորդ ժամապահին, որի տեղը նշմարել էր հեռվից դիտարկելիս: Հետո շարժվում է դեպի պապի տունը: Կարմիր կղմինդրով, բարձր տանիքով այդ տունը գյուղի ամենամեծ շինությունն էր, որն ադրբեջանցիները դարձրել էին զորակայան, իսկ կտուրին ադրբեջանական դրոշ ամրացրել …

Ամբողջ գյուղում միայն այդ տան լույսերն էին վառվում. սպայակազմն աղմկոտ խնջույք էր կազմակերպել: Տնից աղմուկ-աղաղակի ձայներ, կերուխումի գոռգոռոցներ էին լսվում, մուղամի կլկլոցներ:

Դավիթը բարձրաձայն անունով կանչում է նրանց հրամանատարին: Սա մոտենում է պատուհանին ու, մթության մեջ ոչինչ չտեսնելով, հարցնում, թե ո՞վ է կանչում իրեն: Դավիթը նռնակների կապուկը շպրտում է նրա ուղղությամբ ու ռուսերեն բացականչում ՝ բռնի՛ր: Հրամանատարը ոչինչ չհասկանալով բռնում է դեպի իրեն նետված կապոցը: Տեղի է ունենում ուժեղ պայթյուն, և բազմաթիվ ՕՄՕՆ-ականներ մնում են տան փլատակներում:

Դրանից հետո Դավիթը պայթեցնում է ևս մեկ տուն, որն ադրբեջանցի թուրքը կառուցել էր մեր նախնիների գերեզմանաքարերից: Փոշու ամպ է բարձրանում: Պայթյունը հարձակման ազդանշան ընդունելով՝ մեր տղաները գյուղի տարբեր ծայրերից կրակահերթեր են արձակում: Սկսվում է բաժանված ջոկատների միաժամանակյա գրոհը, որը, բազմաքանակ զորքի հարձակման տպավորություն ստեղծելով, աներևակայելի խուճապի ու շփոթի է մատնում թշնամուն:
Ադրբեջանցի զինվորականներն ու բնակիչները սարսափահար փախչում են:
Տողն ազատագրված էր:

Գյուղացիների ուրախությունն անսահման էր, նրանք հպարտանում էին իրենց քաջ համագյուղացու սխրանքով: Այս փայլուն ռազմագործողության մասին 1999 թվականին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակած «Հայաստանի պատմությունը» ռուսերեն հիմնարար աշխատության մեջ ներկայացված է մի լուսանկար, որտեղ կողք կողքի պատկերված են Արկադի Տեր-Թադևոսյանն ու Դավիթ Սարապյանը, իսկ լուսանկարի տակ գրված է «1991 թվականի հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը։ Առանձնահատուկ խիզախությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:

Այսպիսով՝ առաջին անգամ նախկին հայկական ինքնավարության տարածքում տեղի ունեցավ մարտական գործողություն, ազատագրվեց հայկական հինավուրց բնակավայրը: Դա հայկական ինքնապաշտպանական ջոկատների առաջին մեծ հաջողությունն էր, որից Արցախյան պատերազմում սկիզբ առավ հայ ռազմիկի փառահեղ մարտական ուղին: Այդ հաղթանակը մեր տղաներին դուրս բերեց ընդհատակից, նրանք այլևս չթաքնվեցին խորհրդային ուժային կառույցներից:

Տողի ազատագրումն ունեցավ չափազանց մեծ հոգեբանական նշանակություն. այն նոր ուժ ու եռանդ հաղորդեց մեր մարտիկներին, իսկ թշնամին հասկացավ, որ գործ ունի հզոր հակառակորդի հետ:

Տողի ռազմագործողությունից հետո ադրբեջանցիների շարքերում մեծ խուճապ առաջացավ։ Հաջորդ օրը Բաքվի լրատվամիջոցներն իրենց անփառունակ պարտությունն ու խայտառակ փախուստն արդարացնելու համար հաղորդել էին, որ Տողում ադրբեջանական զորակայանի վրա հարձակվել է 1200 հայ գրոհային, տեղի է ունեցել աննախադեպ լայնաճակատ հարձակում:

Տողի ազատագրումը հայկական ոգու և հայրենասիրության փայլուն հաղթանակն էր: Մերօրյա Դավիթն իրականացրեց իր առասպելական մտահղացումը՝ արդարացնելով հայկական էպոսի հայտնի հերոսի անունը կրելու իրավունքը: