Հոկտեմբերի 30-ին կայացավ Ազգային-ժողովրդավարական բևեռի բազմահազարանոց հանրահավաքը Ազատության հրապարակում։ Հանրահավաքին Բևեռի հռչակագրին միացած քաղաքացիները եկել էին Ազգերի լիգայի անդամ այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայաստանի առաջին հանրապետության սահմանները, մասնավորապես հայ-ադրբեջանական միջազգայնորեն ճանաչված սահմանը, որով ամբողջական Արցախը (լեռնային և դաշտային),Գարդմանքն ու Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն են։
Հանրահավաքին հաջորդեց աննախադեպ բազմամարդ երթը դեպի Հանրապետության հրապարակ, կառավարության շենք։ Երթի մասնակիցները պահանջ-նախազգուշացում ներկայացրեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, կապված նոյեմբերի 9-ին սպասվող հնարավոր Փաշինյան-Ալիև համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ։ Մասնավորապես Արա Պապյանն իր խոսքում շեշտեց, որ ոչ մեկ չունի սահմանադրական լիազորություն նման համաձայնագրեր ստորագրի ազգի ու պետության անունից։ Արա Պապյանն ասաց,որ հայ ազգը ինքը պետք է որոշի ինչպիսի պետություն է կառուցում և ինչ հարաբերություններ զարգացնի իր հարևան երկրների հետ, դա մեկ մարդու որոշելու հարց չէ։
Վարուժան Ավետիսյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին, զգուշացրեց, որ չփորձի այլևս որևէ դավաճանական “թուղթ” ստորագրել, որ արդեն իսկ վարչապետի գործած հանցանքները բավարար են նրան հազարավոր տարվա հայոց պատմության մեջ ամենամեծ դավաճանը լինելու համար։