Սենատորներ Ջոն Քորնինը և Մարկ Ուորները կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին չկիրառել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» (CAATSA) օրենքը Հնդկաստանի դեմ ռուսական S-400 Triumph զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։
2018 թվականի հոկտեմբերին Մոսկվան և Նյու Դելին պայմանագիր են ստորագրել 5,5 միլիարդ դոլար արժողությամբ S-400 զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդային համալիրների մատակարարման մասին։
Սենատորների կարծիքով, պատժամիջոցները կարող են վնասակար հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի և Հնդկաստանի ռազմավարական գործընկերության համար, և պնդումը հիմնավորում են նրանով, որ Հնդկաստանը վերջերս կրճատել է Ռուսաստանի Դաշնությունից ռազմական տեխնիկայի ներմուծման ծավալը։ Սենատորները նաև մտավախություն ունեն, որ պատժամիջոցները կուժեղացնեն Հնդկաստանում այն քաղաքական ուժերի դիրքերը, որոնք չեն տեսնում Միացյալ Նահանգներին որպես վստահելի գործընկեր, և կխաթարեն Հնդկաստանի կառավարության ռուսական պաշտպանական տեխնոլոգիաներից կախվածության նվազեցման փորձերը: Ուորները և Քորնինը պարզաբանում են, որ իրենք կիսում են նախագահի մտահոգությունները «Հնդկաստանում ռուսական տեխնիկայի ինտեգրման» վերաբերյալ և խորհուրդ են տալիս վարչակազմին շարունակել կառուցողական ձևով քննարկել այս հարցը Նյու Դելիի հետ։ Նրանք նաև առաջարկում են երկկողմ աշխատանքային խումբ ստեղծել՝ «նշելու Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական համագործակցության ամրապնդման ռազմավարության մշակման հաջորդ քայլերը», որը կօգնի նաև Վաշինգտոնին դիմակայել ՉԺՀ-ի ազդեցությանը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: