Արտաշեսյանների թագավորություն

 

մ.թ.ա․189-1 մ․թ․ թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ[2]։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը[2][3]։
Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք[2]։ Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։ Տիրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։

Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։

Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ-ն[3], որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։

Արտավազդ Բ-ին հաջորդում է իր որդին՝ Արտաշես Բ-ն։ Նա Արտավազդ Բ-ի որդին էր, որը կարողացել էր խույս տալ իր ընտանիքի հետ գերության մեջ հայտնվելուց։ Նա մ․թ․ա․ 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր, գրավում Ատրպատականը, կոտորել տալիս Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին, սակայն մ․թ․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է հռոմեացիների պատվերով։ Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունը և առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին[3]։ Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գահընկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի վերջո՝ սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն, և նրա մահով մ․թ․ 1 թվականին ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։