ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ով ծանոթ է նախընթաց XX դարի Հայոց պատմությանը, չի կարող հոգու խորքում չգուրգուրալ Արամ Մանուկյանի առինքնող ու մոգական կերպարի վրա։ Մի մարդ, մի հերոսական դեմք, մի տիտանական նկարագիր, որ դարձավ համակ նվիրում իր ժողովրդի ու հայրենիքի համար։ Մի քաջարի զինվոր, մի հմուտ ղեկավար ու կազմակերպող, որ իր ողջ կյանքը նվիրաբերեց հայկական ազատամարտին, դաստիարակեց մարտնչող սերունդներ, հեղափոխականորեն կազմակերպեց և ղեկավարեց Վանի հերոսամարտը, ոգին հանդիսացավ Արարատյան մարտերի և կերտեց Հայաստանի անկախությունը՝ իր ներշնչումը ստանալով բացառապես ազգի գերագույն շահերից։
Արամի ոգին ներկա է արդի հայոց պետականաշինության երկնակամարում։ Ազատամարտի, Արցախյան պատերազմների բովով անցած ներկա պայմաններում և Առաջին Հանրապետության իրավահաջորդության ներկա պահանջով, միևնույն անսակարկ նվիրմամբ ու միևնույն ամբողջական ճիգն է անհրաժեշտ։ Այսօրվա Հայորդին վիճակված է քայլել Արամի Սրբազան Դյուցազնավեպի գաղափարով ու գործունեության շավիղով։
* * * *
Արամը ծնվել է 1879 թ․ մարտի 19-ին․ Շուշիի այդ անզուգական զավակը, Սարգիս Հովհաննիսյանն է, որը 1900-ականների խռովահույզ օրերին իր ըմբոստ հեղափոխական գործունեության պատճառով 1901 թ․ հեռացվում է Շուշիի թեմական դպրոցից, ապա 1903 թ․ ավարտում Երևանի թեմականը։ Նա դառնում է Արշակ Չիլինկարյանի և դպրոցի սիրված աշակերտը․ հետագայում նա իր սոսկ Թեմական կրթությամբ, իր մտքի ճկունությամբ ու գիտելիքներով պետականաշինության ասպարեզում զարմացնելու էր արտերկրում ուսանաց շատ մարդկանց։
Բուռն էր 1903 թիվը․ Մեծ հայրենասերն ու անսպառ նվիրյալը, նախ, գործուղվել է Բաքու և Գանձակ՝ ցարիզմի դեմ դիմադրական շարժումների կազմակերպման համար։ Ապա, տեղի հեղափոխական հնոցների մեջ թրծվելուց հետո, մեկնեց Կարս, ուր անհրաժեշտ էր ապահովել արևմտահայոց ֆիդայական շարժմանը զինական աջակցությունն ու պարենի մատակարարումը։ Ա․ Աստվածատրյանի բնորոշմամբ հետո իմացանք, որ Կարսում գտնվող և՛ Արամը և՛ Սարգիսը նույն անձն է։
1905 թ․ փետրվարին մի նոր էջ է բացվում Արամ Մանուկյանի գործունեության համար․ երբ նրան հաջողվում է Խոյով հասնել Վան, նա որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց, ձգտում նվազագույնի հասցնել օսմանյան կառավարության միջամտությունը և ձեռնամուխ եղավ Վասպուրականի համախմբմանը․ ստեղծվեց պետական-վարչական ապարատ (Իշխան, Մալխաս, Կոմս ևն), գաղտնի դատարաններ, սահմանվեցին իշխանության գործառույթներ և թռուցիկների միջոցով համակարգվեց նրանց գործունեությունը։
Մանուկյանը համոզված էր, որ եթե հայերը պատրաստվում են ապստամբել օսմանյան տիրապետության դեմ, ապա դա պետք է լինի լավ կազմակերպված և համատարած ապստամբություն, այլ ոչ թե տեղական, ինչպիսին 1904 թվականին Սասունում ձախողված ապստամբությունն էր: Համայնքային կազմակերպումից զատ նա զբաղվ էլ է նաև Ռուսաստանից և Իրանից սպառազինություն (մասնավորապես՝ հրացաններ և փամփուշտներ) Վան տեղափոխելով։ Միայն 1906 թվականին Վան է փոխադրվել ավելի շատ զենք, քան նախորդ 15 տարիներին։ Գործունեությունն ընդմիջվում է մի շարք ձերբակալություններով։
Սակայն երիտթուրքերի հեղափոխությունից հետո, երբ հայ գործիչների հետ ազատ էին արձակվել բանտարկությունից, Արամը հրաժարվեց պատգամավորւթյունից ( ի հօգուտ Արշակ Վռամյանի) ապա, 1912 թ․ վերադառնալով Վան, զգուշավոր օրինապահությամբ փորձում էր Էնվերի կողմից Թահսին բեյին փոխարինելու եկած Ջևդեթ փաշային առիթ չտալ բախման համար և թուլացնել աճող լարվածությունը։ Այնուհետև 1915 թ ապրիլին Իշխանին և Վռամյանին կորցնելուց հետո, Արամը, մնալով փաստացի միակ առաջնորդը, վերկուսակցական ու համազգային համախմբմամբ ռամկավար Արմենակ Եկարյանի հետ համատեղ կազմակերպում է Վանի 26-օրյա հերոսամարտը (զինակիցներից էին նաև Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը)։ Շտապող հայ կամավորականների շնորհիվ մայիսի 3-6-ը Վանն ազատագրվում է պաշարումից։ 1915-ի գարնանը Վանը դարձավ միակ վայրը, որտեղ հայերը մեծ դիմադրություն կազմակերպեցին։ Առանցքային էր Արամ Մանուկյանի դերը։
Ստեղծվում է Վանի հայկական նահանգապետությունը՝ «Ազատ Վասպուրական»-ը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Վասպուրականի ոգին՝ Վանի Արամը (նաև այդպես էին կոչում) ձեռնամուխ է լինում փրկված 150․000 վասպուրականցիների վերաբնակեցմանը, անդրադառնում քուրդ և թուրք բնակիչների խնդրին, կարգավորում Արճեշի պահեստը, Վանի և Ոստանի բուժարանները, վերաբացում Վանի վարժարանը, հաշվառում 1250 առևտրական և արհեստավոր, որոնք պիտի ապահովեյին 178340 ռուբլի ․․․ Ցավոք սրտի հուլիսի վերջերին մինչ վերջերս «անհայտ համարված պատճառներով», բայց ակներև դավադիր կերպով ռուսները անակնկալ որոշում են առժամանակ նահանջել՝ իրենց հետ վերցնելով հայ կամավորներին և բացառելով զինամթերքի թողնելը․․․ [իհարկե և՛ Վանում, և՛ Արցախում ռուսական շահերին վնասել է ստվար հայության առկայությունը] Արամը հարկադրված է լինում կազմակերպել 200․000 վասսպուրականցիների գաղթը․․․
* * * *
Ռուսական հեղափոխությունից և կովկասյան ռազմաճակատի փլուզումից հետո նոր իրողություններ և նոր մարտահրավերներ են ծառանում Հայոց Ոստանում։ 1917 թ․ նախկին Ռուսական կայսրության կողմից վերահսկվող հայաբնակ տարածքները արդյունավետ քաղաքական կառավարում չունեին։ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդի ընտրությունը լավ հաշվարկմամբ կանգնեց Արամ Մանուկյանի կառավարման փորձի ու կազմակերպչական բացառիկ ձիրքի վրա․ Վանի հերոսը արժանացավ խորհուրդների վստահությանը և վայելեց ժողովրդի հարգանքին։ Արամը 1917 թ դեկտեմբերի վերջին օրերին ժամանեց Երևան, ապա կազմակերպեց կոմիտե, որը ծառայում էր որպես ոչ պաշտոնական վարչակազմ։ Արամ Մանուկյանի հետ էին Մկրտիչ Մուսինյանը, Արշալույս Աստվածատրյանը, իսկ հունվարից Երևանի զինված ուժերի հրամանատար Մովսես Սիլիկյանն ու կոմիսար Դրոն։ Վարչատնտեսական և ռազմաքաղաքական բնագավառներում իրականացվեցին նշանակալից միջոցառումներ՝ սահմանելով հատուկ հարկեր և բռնագրավելով ռուսական լքված ռազմավարը։ Նա աչքի էր ընկնում հասարակության տարբեր շերտերին ընդհանուր գործի համար միավորելու ունակությամբ:
Թուրքական ուժերը, խախտելով Երզնկայի զինադադարը, հունվարի 31-ին գրավեցին Երզնկան, փետրվարի 1-ին՝ Տրապիզոնը, փետրվարի 27-ին՝ Կարինը, մարտի 23-ին՝ Սարիղամիշը։ Տեղում ծանոթանալով ստեղծված ծանր պայմաններին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկեց իրադրությունը կայունացնելու համար, գլխավոևեց նորաստեղծ Հատուկ կոմիտեն, որը նրան օժտել էր լայն լիազորություններով։ Իսկ 1918 թ․ մարտին, ապակուսակցական ոգու շնորհիվ, Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվեց Երևանի շրջակա աննվաճ տարածքի ժողովրդական դիկտատոր։
Հատկապես բնութագրական է Արամ Մանուկյանի վճռական կեցվածքը 1918 թ․ մայիսյան ճակատագրական ու ծանր օրերին, երբ առկա էր հայության լինել-չլինելու իրավիճակ։ Նա մնաց անդրդվելի ու գործնական, կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչներին ու ժողովրդին, նրանց մեջ բորբոքեց պայքարելու կամք։ Կարճ ժամանակ անց իր տրամադրության տակ ուներ 10-12 հազարանոց զինական ուժ։
Դրամատիկ էր Արամի դաժան մեթոդներով կարգապահության սահմանումը։ Հանուն ազգային շահերի, նա երբեմն շրջանցում էր Ազգային խորհրդում տիրող տրամադրությունները և օրենքը՝ իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը։ Դրվագներից մեկում ընդդիմացողները Նորքում դասալիք Չոլախ Գևորգի գլխավորությամբ հաջողել էին խուժան հավաքել, որոնց նպատակը Արամի հեռացումն ու ոչնչացումն էր [դրվագն իր զուգահեռներն ունի այսօրվա հետ?]: Արամը թևաթափ չեղավ, նրա հրամանով թույլատրվեց ունեցվածքի ու գույքի ]։ Սակայն վճռական պահին Արամը հրամայեց․ «Սա իմ հարցը չի, սա Հայրենիքի հարց է․ ես պահանջում եմ գնակահարություն», և ուղեկից թիկնապահը մահապատժեց պարագլխին։ Արժանանալով ամբոխի գնահատանքին դիմեց․ «ով ուզում է ապրել, դեպի ճակատ․․․ դեպի Սարդարապատ, դեպի հաղթություն»
Արամ Մանուկյանն Ազգային խորհրդում, բռունցքով զարկելով սեղանին, վճռաբար բացառեց որևէ անձնատվություն և նահանջ․ «Դուք պիտի մեռնեք, որ ժողովուրդը մնա, իսկ ժողովրդին՝ ապրելու համար դեպի ճակատ» Բազմաթիվ հրամաններով կոչ էր անում կազմակերպված պայքարի և թիկունքի ամրապնդման։ Համոզված էր․ «Զոհե՛ք անհատականը՝ փրկելու ընդհանուրը»։
Մայիսի 21-ի երեկոյան Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանը տիրող հուսահատական մթնոլորտը ցրելու, կազմակերպվելու և դիմադրության պատրաստվելու կոչով դիմեց ժողովրդին։ Իր հակիրճ ելույթում Արամը նշեց.
«Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին գրավել է Սարդարապատը և շարժվում է դեպի Էջմիածին: Մեզ մնում է մի բան, կամ զենք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ և կամ կոտորվել ոչխարի պես… Ով ուզում է ապրել, առանց րոպե կորցնելու, թող վերցնի զենքը, վերցնի նաև երեք օրվա պաշար ու իսկույն ևեթ դիմի ուսուցչական սեմինարիայի շենքը՝ ցուցակագրվելու և այնտեղից էլ ճակատ ուղարկվելու համար: Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը»։ Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի։ Այժմ կամ երբէք»։
Մի շարք փաստաթղթերի հիման վրա ակներև է դառնում, որ Արամի արդյունավետ ժողովրդական բռնապետության հետևանքն է Սարդարապատի հերոսամարտը, որը նախ կանխեց հայերի լիակատար ոչնչացումը իրենց հայրենիքում, ապա և Երևանը նա վերածեց վերջին ամրոցի, պետականության հիմքի։ Գևորգ Ե Կաթողիկոսն ու Արամ Մանուկյանը միաժամանակ աներեր կեցվածքը ապահովեցին ազգային ուժերի ի մի բերումը։ Քաջքազնունու բնորոշմամբ, անձև քաոսից պետություն պիտի հառներ։
Արամին վիճակված էր Վասպուրականից հետո հաղթանակի առաջնորդել նաև Արարատյան աշխարհը, Հայոց Պատմության ամենավճռորոշ ու ամենաճակատագրական օրերին։ Արամի կազմակերպչական տաղանդն ու ղեկավարի ոգեշնչող և տիրական ներկայությունը Սարդարապատ կերտեցին, այսօրվա Ազատամարտի ու Հայաստանի հիմքը դրեցին։ Արամը ոգով ամուր էր, և Վանի կորստից հետո կրկնապատկված եռանդով նետվեց Մասիսների ներքո Հայոց պետականության վերակերտմանն, որպես պատգամ սերունդներին, որ պետականաշինության մեջ նահանջել չկա նաև ներկայումս՝ Արցախյան միջադեպից հետո։ Արամն անկախության գլխավոր դարբինն ու ոգի՛ն է։
* * * *
Հետգրություն
Արամի գործունեության առաջին և երկրորդ շրջանների արգասիքներն էին Վանի և Սարդարապատի հերոսամարտերը, ուր վեհորեն բարձրանում է Ստրատեգի խորաթափանցությունը։ Պետականակերտման երրորդ ու չորրորդ փուլերում վառ կերպով արտահայտեցին նրա (1) արդյունավետ Դիկտատորի, (2) հմուտ Դիվանագետի և (3) անձնազոհ Մարդու հատկանիշները։
(1) Թե՛ Վանի, թե՛ Երևանի կոմիտեներում նա համատեղում էր մի շարք գործառույթներ և միշտ հանդիսանում էր փաստացի առաջնորդը․ այդ իսկ պատճառով Հովհաննես Քաջազնունուն իրավամբ հանձնեց վարչապետությունը, որպեսզի շարունակի երկրում քաոսի վերացումը։ Իր ՆԳՆ-ը միավորում էր նաև լուսավորույթան, հաղորդակցության, պարենավորման, խնամատարության և տեղական իշխանության գործառույթները։ ըստ Ռուբեն Տեր-Մինասյանի «Արամի ժամանակ ՆԳՆ ասելով պետք էր հասկանալ ֆիզ․ ուժը և կատավարական վարչամեքենան, մարմնացումը պետ և կուսակց բարոյ․ հասկացությանց, օրենքների գործադրման ու պարտադրման միակ խողովակն ու միջոցը, կենտրոնը, որտեղ ամփոփվում էին Հայաստանը կազմակերպելու բոլոր ձգտումներն ու ճիգերը»։ (մաուզերիստներ, պարեն, թաթարներ, գաղթականներ)։ «Արամը միակն էր, որ «այդ խառնակ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել երկրում և պետական» շինարարություն սկսել»,-նկատում էր Սիմոն Վրացյանը։ Պատասխանատվությունն ու ժողովրդասիրությունը Արամին բերել էին բարձր հեղինակություն
(2) Կառավարության կազմում հայ-թուրքական հարաբերություններում փորձառու Արամին վիճակված էր անձամբ ներկայացնել Հանրապետությունը։ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի պատվիրակության հետ Երևան էր ժամանում Խալիլ բեյը։ Վահան Նավասարդյանի պատկերավոր նկարագրությամբ, ոխերիմ ախոյանին պիտի դիմավորեր հայ ազատագրական պայքարի վագրը։ Ի դեպ Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին, որը թատերական կրթություն ուներ, արժանվույնս նախապատրաստել էր և՛ Արամին, ւ՛ նրա շուրջ, այնուհետ ուղեկցել Էջմիածին․ արդյունքում հաջողվում է իրավունք կորզել անարգել մաքրել ՀՀ թաթարական գյուղերը, իսկ անձնական ուղևորման ապահովության աջակցության դիմաց Խալիլ բեյից ձեռք բերեցին զենք։ Այլ դեպքում Արամ Մանուկյանը Քաջազնունու և Ավետիք Իսահակյանի հետ մեկտեղ պատասխանում է Անդրանիկի հանձնվելու պահանջին այսկերպ․ «Անդրանիկը խուսափում է հանրապետության կառավարությունից՝ իմանալով, որ զինվորական դատարանին պիտի տրվի․․․ խնդրում ենք միջոցներ ձեռնարկել»
(3) Երբ Արևմտյան Հայաստանի վերակենդանացման ծրագիրն էր ընթանում նա կարեկից էր ժողովրդի լայն խավերի, հատկապես գաղթականության հոգսերին։ Սակայն համաճարակի պայմաններում նա ևս անմասն չմնաց բծավոր տիֆից, և, ցավոք, հրաժարվեց եվրոպայից բերված շիճուկից ի հօգուտ գաղթականության․․․անհանգստացող բժիշկներին կատակեց վերջին խոսքերով․ «Ի՞նչ եք ասում․ ոտքս գետնին դնեմ, սարերը կդողան․․․»։ 1919 թ․ հունվարի 29-ին նրա հուղարկավորությունը վերածվեց համազգային սգի, Արամը ձեռքից ձեռ հասցվեց պանթեոն, իսկ դիակառքը թափուր մնաց։ Անփոխարինելի կորուստ էր հատկապես վասպուրականի հայության համար։ Սրտառուչ էր Նիկոլ Աղբալյանի ճառը․ «…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»։
—
Աշխատանք թերթն էլ կգրէ․ «Կատարյալ աղետ։ Անփոխարինելի կորուստ․․․ մանավանդ Վասպուրականի հայության համար։ Արամը մեր կյանքի սյունն էր, հոյակապ ու հաստատ, որ ամուր կպահեր մեր դիմադրական շենքը, մեր կազմակերպությունը, մեր ժողովրդի հասարակական պաշտպանության և հարատև աշխատանքի գործը»
«Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն»։ -Հարություն Թուրշյան
Պատմաբան՝ Լևոն Ասրյան