Այս կիրակի կհանդիպենք Գյումրիում. Արթուր Այվազյան

Այս կիրակի՝ հունվարի 15-ին Գյումրիում Բևեռը շարունակելու է ռուսական 102-րդ ռազմաբազայի մատույցներում «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» բողոքի հավաքը։

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի մասով ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը շարունակում է իրագործել իր հակահայկական ծրագրերը, որոնց նպատակը մեր Հայրենիքի վերջնական կործանումն է, ինչի արդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմը կազատվի ցեղասպան ժառանգության համար պատասխանատվությունից, իսկ կայսերական Ռուսաստանը կփորձի ուղիղ և առանց միջնորդի կամ արգելքի ցամաքային կապ հաստատել Թուրքիայի, նրա միջոցով նաև Մերձավոր Արևելքի հետ, նպատակ ունենալով մեղմել իր նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների կործանարար հետևանքները։ Այս ծրագրերի իրականացմանը լծվել են հայաստանյան կոլաբորանտ (թշնամու հետ համագործակցող) կառավարիչները և նրանց կեղծ ընդդիմադիրները, որոնք նշանակվել են իրենց միակ տեր՝ Կրեմլի կողմից ու դերաբաշխմամբ սպասարկում են վերջինիս ու նաև թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։

Այսօր, վերոնշյալ դերակատարները, միահամուռ ուժերով, գոյութենական խնդրի առջև են կանգնեցրել արցախաբնակ մեր հայրենակիցներին և եթե նրանց չդիմադրենք, ծրագրերը չխափանենք, ապա հնարավոր է, որ հաջողեն, ինչից հետո արդեն Հայաստանի վերջնական տապալման խնդիրը կլուծեն առավել հեշտությամբ։

Պուտինյան կայսերական Ռուսաստանը Հայաստանում իր կամքը թելադրում է նաև ռազմական օկուպացիայի միջոցով, արցախաբնակ մեր հայրենակիցներին շրջափակելով, մնացածներիս դնելով հերթի մեջ։

Բևեռը քաջ գիտակցում է, որ նման պայմաններում, երբ մեր թշնամիներին օժանդակում են պետական լծակներին տիրապետող ներքին կոլաբորանտները, ապա անհնար է դառնում կազմակերպել լիակատար ազգային համախմբում։ Այդուամենայնիվ, վստահ ենք, որ մի քանի տասնյակ հազար հայ մարդկանց համախմբումն ի զորու է հաղթահարել պետականությանը սպառնացող և ազգի առաջ ի հայտ եկած գոյութենական մարտահրավերները։

Բացահայտ է արդեն, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայկական աշխարհում ոչ միայն չի ապահովում մեր անվտանգությունը, այլ հակառակը՝ լուրջ և նույնիսկ էքզիստենցիալ սպառնալիքներ է իր մեջ պարունակում։

Ըստ այդմ, նշված օրը մեր հայրենակիցներին, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից կամ քաղաքական ինչ-ինչ նախասիրություններից, կոչ ենք անում ներկա գտնվել կարևորագույն այդ հավաքին, որը կսկսվի ժամը 12։00-ին Գյումրիի Ղարսի խճուղու, Մայր Հայաստանի արձանի տարածքի մոտից։

Մենք պարտավոր ենք ցույց տալ Ամերիկայի առաջնորդությամբ քաղաքակիրթ ողջ աշխարհին, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը դիմադրում է ավտորիտար կառավարման համակարգով ու ցեղասպան հակումներով հայտնի չարորակ գոյացություններին, հույս ունենալով ստանալ նրանց գործուն ու ծանրակշիռ աջակցությունը։

Կհանդիպենք Գյումրիում։

Արթուր Այվազյան