ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը դատապարտել է ադրբեջանական շարունակվող ագրեսիան Հայաստանի նկատմամբ, և կոչ է արել Ամերիկայի միացյալ նահանգների պետդեպարտամենտին բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով ազդեցություն և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, զսպելու համար ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։
Ադամ Շիֆի ֆեյսբուքյան գրառումը.
-Ես խորապես մտահոգված եմ սահմանին հայ զինվորների վրա ադրբեջանական ուժերի հարձակման մասին այսօրվա տեղեկություններից, այդ թվում երկու տասնյակից ավելի հայ զինվորների սպանության կամ գերեվարման մասին տեղեկություններից։ Այս չհրահրված հարձակումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտում է եւ ցայտուն հիշեցում, որ Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան զսպելու համար: Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին գործել անհապաղ՝ օգտագործել առկա բոլոր դիվանագիտական խողովակները եւ լծակները՝ կանխելու եւս մեկ զանգվածային հումանիտար աղետ եւ ցույց տալ մեր անսասան աջակցությունը հայ ժողովրդին եւ նրա ինքնիշխանությանը: